Մատչելիության հղումներ

Բրիտանական ընտրություններում ընտրողների լուրջ ակտիվություն է նկատվում


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քվեարկությունից հետո, 12-ը դեկտեմբերի, 2019թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քվեարկությունից հետո, 12-ը դեկտեմբերի, 2019թ.

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Մեծ Բրիտանիայում կավարտվի մի քանի ժամից, երբ Երևանում ուշ գիշեր կլինի: Բրիտանական լրատվամիջոցների պնդմամբ՝ այսօրվա ընտրություններն աչքի են ընկնում ընտրողների աննախադեպ ակտիվությամբ:

Մի շարք տեղամասերի հարևանությամբ վաղ առավոտվանից հսկայական հերթեր են գոյացել` մի երևույթ, որ նախորդ մի քանի ընտրությունների ընթացքում չէր նկատվել: Առաջատար քաղաքական ուժերի առաջնորդները տեղամասեր եկան վաղ առավոտյան` կարողանալով խուսափել հերթերում սպասելու անհրաժեշտությունից: Բնական է, որ ամենամեծ ուշադրությանն արժանացավ ընտրությունների ֆավորիտը` վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Հավատարիմ մնալով քարոզարշավի ընթացքում ցուցաբերած էքսցենտրիկ պահվածքին, երբ ինքը մե՛կ ձուկ էր որսում, մե՛կ հաց թխում կամ ընտրողներին կաթ բաժանում, վարչապետ Ջոնսոնն այսօր ընտրատեղամաս եկավ շան հետ:

Քվեարկությունից հետո, սակայն Ջոնսոնը, չպատասխանեց լրագրողների հարցերին` սահմանափակվելով իրեն ընկերակցող շանը տեսախցիկների առջև համբուրելով: Նա թերևս միակ բրիտանացի ընտրողն էր, որին այսօր թույլ տվեցին շան հետ մոտենալ քվեատուփին:

Կեսօրին մոտ բրիտանական մամուլն ու սոցիալական ցանցերը ողողված էին ընտրատեղամասերի դիմաց իրենց տերերին սպասող և ցրտից գրեթե փայտացած շների լուսանկարներով ու տեսագրություններով: Ընտրական հանձնաժողովները շարքային ընտրողներին ընտանի կենդանիների հետ քվեարկել չէին թույլատրել:

Շան հետ էր տեղամաս գնացել նաև Լոնդոնի լեյբորիստ քաղաքապետը: «Ես Սադիք Խանն եմ՝ Լոնդոնի քաղաքապետը: Ես և իմ շունը` Լունան, գնում ենք քվեարկելու: Դուք էլ մասնակցեք քվեարկությանը», - ընտրողներին կոչով էր դիմում Խանը:

Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի քվեարկությունն անհամեմատ ավելի դասական ֆորմատի մեջ էր: Բրիտանական ընդդիմության առաջնորդը տեղամաս եկավ կնոջ, այլ ոչ թե իր կատվի` Էլ Գատոյի հետ: Չի բացառվում ի դեպ, որ նման որոշման պատճառը լեյբորիստների առաջնորդի և կատվի քաղաքական տարաձայնություններն էին: Մի քանի տարի առաջ հարցազրույցներից մեկում Ջերեմի Քորբինն ասել էր. - «Բնավորությունից, մասնավորաբար եսասիրությունից և կարեկցանքի պակասից դատելով` իմ կատուն պահպանողական է»:

Լեյբորիստների առաջնորդն այսօր, ինչպես և վարչապետ Ջոնսոնը, գերադասեց լրագրողների հարցերին չպատասխանել: Քորբինը միայն նշեց, որ այսօրվա ընտրություններից միայն մեկ սպասելիք ունի`«մեծ հաղթանակ»:

Քվեարկության մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ հրապարակված վերջին սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները, սակայն, վկայում են, որ լեյբորիստներն այդ մեծ հաղթանակին հասնելու գրեթե որևէ շանս չունեն: Հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Opinium ընկերության տվյալներով՝ պահպանողականների օգտին քվեարկելու է բրիտանացի ընտրողների 45, իսկ լեյբորիստների օգտին՝ 33 տոկոսը:

Մեկ այլ սոցիոլոգիական ընկերության` YouGov-ի վերջին հարցման համաձայն՝ իշխող պահպանողականների օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 43, իսկ լեյբորիստների օգտին` 34 տոկոսը: Հետազոտության համաձայն՝ նոր գումարման Համայնքների պալատում պահպանողականները 339 մանդատ կունենան, ինչը Ջոնսոնին հնարավորություն կտա միակուսակցական կառավարություն ձևավորել:
Եթե սոցիոլոգների կանխատեսումներն իրականություն դառնան, ապա այդ հաղթանակը Պահպանողական կուսակցության լավագույն ընտրական ցուցանիշը կլինի 1987 թվականից ի վեր, երբ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Մարգարեթ Թեթչերը:

Լոնդոնում գործող մի շարք այլ սոցիոլոգիական ծառայությունների գնահատմամբ՝ ընտրություններին նախորդող օրերին ընդդիմադիրների վարկանիշը սկսել է կտրուկ կերպով աճել: Savanta ComRes ընկերության կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ Պահպանողականների վարկանիշը չի գերազանցում 41 տոկոսը, իսկ լեյբորիստներինն աճել է` հասնելով 36 տոկոսի:

Ինչ վերաբերում է շարքային ընտրողներին, ապա նրանց շրջանում այսօր լուրջ ոգևորության նշաններ նկատելի չեն: Բրիտանացիների զգալի մասը ակնհայտորեն հոգնել է «Բրեքզիթի» շուրջ զարգացումներից և դրա շուջ ընթացող անվերջ թվացող քաղաքական բանավեճից:

«Ես մի տեսակ տխուր եմ, որովհետև մենք կրկին նույն տեղում ենք: Կարծես, նախորդ ընտրությունները սրանից մի 5 րոպե առաջ էին եղել, և ահա կրկին մենք առաջ գնալու փոխարեն հետընթաց ենք տեսնում: Կարծում եմ, որ շատ մարդկանց համար անգամ դժվար է հասկանալ, թե հատկապես որ կուսակցությունն է ամբողջությամբ արտահայտում այն տեսակետները, որոնք իրենք են դավանում», - նշում էր Լոնդոնի 35-ամյա բնակիչը:

Ընտրողներից ևս մեկի համոզմամբ էլ՝ թե քարոզարշավը և թե երկրի քաղաքական կյանքը վերջին շրջանում աչքի են ընկնում մի շարք բացասական երևույթներով:

«Սուտ, չափազանցություն, անքաղաքավարի պահվածք և հանրության հիմարացում: Արդեն մի տարի է, ինչ ես պարբերաբար ուղղակի ճչում եմ հեռուստացույցի և ռադիոընդունիչի վրա` «դուք մեզ հիմարի տեղ եք դրել», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Լոնդոնի 70-ամյա բնակչուհին:

XS
SM
MD
LG