Մատչելիության հղումներ

Միացյալ Թագավորությունում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են


Միացյալ Թագավորություն - Վարչապետ Բորիս Ջոնսոնը Դերբիշիրում թխվածքաբլիթ է պատրաստում, 11-ը դեկտեմբերի, 2019թ․

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Մեծ Բրիտանիայում կմեկնարկի արդեն մի քանի ժամից: Միացյալ Թագավորության շուրջ 46 միլիոն չափահաս քաղաքացիները կընտրեն Համայնքների պալատի 650 անդամներին:

Հաջորդ գումարման բրիտանական խորհրդարանի գլխավոր առաքելությունը թերևս Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացում վերջակետ դնելն է լինելու:

«Բրեքզիթ»-ը գործող վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնի քարոզարշավի առանցքային դրույթն էր:

Նրա համոզմամբ՝ այսօրվա ընտրությունները ճակատագրական նշանակություն են ունենալու հենց «Բրեքզիթ»-ի հարցում օրենսդիր մարմնի կարևոր դերակատարությունը հաշվի առնելով: Այդ մասին բրիտանական կառավարության ղեկավարը հայտարարում էր Անգլիայի հյուսիս` Դերբիշիր կատարած այցի ընթացքում: Այստեղ Բորիս Ջոնսոնը նույնիսկ հացի փուռ այցելեց, որտեղ գոգնոցը հագին մի քանի րոպեում թխվածքաբլիթ պատրաստեց` պնդելով, թե «Բրեքզիթ»-ը կյանքի կոչելը նույնքան հեշտ է լինելու:

«Վաղը մեր երկիրը վճռորոշ ընտրության առջև է կանգնելու` միավորվե՞լ, առաջ շարժվե՞լ, ավարտի՞ն հասցնել «Բրեքզիթ»-ը, թե՞ ևս մեկ կամ երկու տարի անիմաստ վատնել», - հայտարարում էր Ջոնսոնը` պնդելով, որ իր ընդդիմախոսների, նախ և առաջ՝ լեյբորիստների, հաղթանակի դեպքում խարխլվելու են բրիտանական տնտեսության հիմքերը:

Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինն այս գնահատականներին, բնականաբար, համաձայն չէ: Բրիտանական ընդդիմության առաջնորդը երեկ արդյունաբերական Միդլսբրո քաղաքում էր: Այստեղ կազմակերպված հանրահավաքի ժամանակ Քորբինը ծաղրում էր երկրի վարչապետին` մասնավորաբար նրա որդեգրած դռնեդուռ քարոզարշավի մարտավարությունը: Դրա շրջանակում Բորիս Ջոնսոնը Լիդս քաղաքի բնակիչներին նույնիսկ կաթ էր բաժանում:

«Ես այստեղ կաթ բաժանելու համար չէ, որ եկել եմ, ես հույս եմ բերել, ես հույսի ուղերձ եմ ձեզ բերել, որը զետեղված է նաև մեր կուսակցության նախընտրական ծրագրում», - հայտարարում էր Քորբինը:

Քվեարկության նախօրեին հրապարակված հարցումները, սակայն, վկայում են, որ չնայած աճող վարկանիշին՝ լեյբորիստները հաղթանակի շանսեր չունեն: Հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող YouGov ընկերության վերջին հարցման համաձայն՝ իշխող պահպանողականների օգտին պատրաստ է քվեարկել բրիտանացի ընտրողների 43, իսկ լեյբորիստների օգտին` 34 տոկոսը: Հետազոտության համաձայն՝ նոր գումարման Համայնքների պալատում պահպանողականները 339 մանդատ կունենան, ինչը Ջոնսոնին հնարավորություն կտա միակուսակցական կառավարություն ձևավորել:

Եթե սոցիոլոգների կանխատեսումները իրականություն դառնան, ապա այդ հաղթանակը Պահպանողական կուսակցության լավագույն ընտրական ցուցանիշը կլինի 1987 թվականից ի վեր, երբ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Մարգարեթ Թեթչերը:

XS
SM
MD
LG