Մատչելիության հղումներ

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը նախնական հաղթանակ է տարել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում


Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյան, արխիվ

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ նախնական հաղթանակ է տարել պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Կիրակի ուշ երեկոյան Նախաձեռնակ մարմնի հրապարակած տվյալների համաձայն՝ նարնջագույնների ճակատը ստացել է 9008 ձայն՝ Մաշալյան սրբազանի համար ապահովելով 89 պատվիրակ: Պատրիարքական մյուս թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորած մանուշակագույն ճակատը ստացել է 3529 քվե՝ ունենալով 12 պատվիրակ: Մեկ պատվիրակ նախընտրել է անկախ մնալ: 753 քվեաթերթ անվավեր է ճանաչվել, 376 մարդ դատարկ քվեաթերթ է նետել տուփը:

Առավոտից թուրքահայությունը ըստ գրանցման վայրի քվեարկում էր պատրիարքի երկու թեկնածուներին ներկայացնող պատվիրակների օգտին: Ստամբուլում ամենաշատ հայ բնակչություն ունեցող թաղամասերում՝ Ֆերիքյոյում, Բաքըրքյոյում, Յեշիլքյոյում և Սամաթիայում բավական մարդաշատ էր, ընտրատեղամասերում կուտակումներ էին նկատվում, համայնքի անդամները եկել էին ընտրելու իրենց պատվիրակներին: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 13 հազար 704 համայնքային անդամ՝ ընտրելու իրավունք ունեցողների շուրջ 30 տոկոսը: Շատերը չեն եկել քվեարկության՝ այս ընտրությունը համարելով անարդար, քանի որ թուրքական պետության ուղարկած ընտրական կանոնադրությամբ սահմանափակվել էր մի շարք հոգևորականների պատրիարքի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը:

Քվեարկությունը հիմնականում խաղաղ անցավ, պատրիարքի երկու թեկնածուները՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը այցելեցին իրենց գրանցման թաղամասեր՝ Բաքըրքյոյ և Ֆերիքյոյ, քվեարկեցին տեղի եկեղեցիներում և շնորհակալություն հայտնեցին հավաքված բազմությանը մասնակցության համար: Արդեն երեկոյան, երբ հայտնի էին քվեարկության արդյունքները, նարնջագույնները հավաքվել էին Գեդիկփաշայի հայկական եկեղեցում՝ տոնելու իրենց հաղթանակն ու ողջունելու հավանական նոր պատրիարքին:

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունն անցկացվում է երկաստիճան սկզբունքով՝ համաձայն 1863 թվականի Ազգային սահմանադրության: Հոգևորական և աշխարհական պատվիրակները միասին են ընտրում պատրիարքին: Առաջիկա չորեքշաբթի երեկ ընտրված աշխարհական 102 պատվիրակներն ու շաբաթ երեկոյան հայտնի դարձած 17 հոգևորականները միասին կընտրեն Պոլսո Հայոց նոր պատրիարքին:

XS
SM
MD
LG