Մատչելիության հղումներ

Պոլսահայերի Հանրային նախաձեռնությունը դատարանից պահանջում է կասեցնել պատրիարքի ընտրության գործընթացը


Թուրքիա, Ստամբուլ, արխիվ
Թուրքիա, Ստամբուլ, արխիվ

Դեկտեմբերին կայանալիք Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությանն ընդառաջ պոլսահայ համայնքի մի շարք անդամներից կազմված Հանրային նախաձեռնությունը դիմել է դատարան՝ ընտրության գործընթացը կասեցնելու պահանջով:

Այսօր հրապարակված հայտարարությամբ նախաձեռնությունը հայտնել է, որ ստիպված է գնալ այս քայլին, քանի որ պատրիարքական տեղապահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և նոր պատրիարքի ընտրությունը համակարգող Նախաձեռնակ մարմնին արված բազմաթիվ կոչերը անարդյունք մնացին:

«Բոլորն ընդունում են, որ այս կանոնադրությունը խնդրահարույց է, սակայն տեղի են տալիս աշխարհիկ թուլություններին: Որպեսզի կարողանանք նայել գալիք սերունդների աչքերին և նրանց ավելի հուսալի ապագա թողնել, իրավական գործընթաց ենք սկսել կանոնադրության և ընտրական գործընթացի դադարեցման համար», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 24-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նոր Պատրիարքի ընտրության համար համապատասխան կանոնադրություն էր ուղարկել, որի համաձայն՝ Պատրիարքի թեկնածու կարող են լինել միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները: Այս սահմանափակմամբ խոչընդոտվում է Թուրքիայից դուրս ծառայող մի շարք եպիսկոպոսների առաջադրվելու հնարավորությունը: Կանոնադրության այս կետը պոլսահայ համայնքում դժգոհության ալիք է բարձրացրել:

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը ավանդաբար կարգավորվում է 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթներով: Սակայն յուրաքանչյուր ընտրությունից առաջ պետությունը սահմանադրության վրա հիմնված կանոնադրություն է ուղարկել, որով և իրականացվել է ընտրությունը: Չնայած պատրիարքի թեկնածուների՝ Պոլսո աթոռին ենթակա լինելու պայմանը սահմանադրության մեջ նշված է, այնուհանդերձ, ուշագրավ է, որ 1961, 1990 և 1998 թվականներին անցկացված պատրիարքական ընտրությունների ժամանակ պետության կողմից ուղարկված կանոնադրության մեջ նման սահմանափակում չի դրվել: 1961 թվականից ի վեր ընտրված երեք պատրիարքներից երկուսը արտասահմանից են եղել:

Համայնքային որոշ շրջանակներ այս սահմանափակումը թուրքական իշխանությունների կամայական որոշում են համարում: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը իր թվիթերյան էջում, հիշատակելով նախկինում ունեցած փորձը, այս արգելքը համարել է պետության կողմից միջամտություն ընտրության գործընթացին: Փայլանը կոչ է արել առարկել պատրիարքի աթոռի համար թեկնածուների առաջադրման իրավունքի ոտնահարման դեմ:

XS
SM
MD
LG