Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլում, նախնական տվյալներով, հաղթում է Սահակ Մաշալյանը


Թուրքիա, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության 1-ին փուլի ավարտից հետո ձայների հաշվարկ, 8-ը դեկտեմբերի, 2019թ.

Նախնական արդյունքների համաձայն, Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության առաջին փուլում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթում է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Առավոտից թուրքահայությունը, ըստ իրենց գրանցման վայրի, քվեարկում էր պատրիարքի երկու թեկնածուներին ներկայացնող պատվիրակների օգտին: Ամենաշատ հայ բնակչություն ունեցող թաղամասերում՝ Ֆերիքյոյում, Բաքըրքյոյում, Յեշիլքյոյում և Սամաթիայում, բավական մարդաշատ էր, ընտրատեղամասերում կուտակումներ էին նկատվում, համայնքի անդամները եկել էին ընտրելու իրենց պատվիրակներին: Այնուհանդերձ, նախնական տվյալներով՝ մասնակցությունն այնքան էլ մեծ չէ եղել՝ շուրջ 30 տոկոս:

Ընդհանուր առմամբ, քվեարկությունը խաղաղ է անցել, Պատրիարքի երկու թեկնածուները՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այցելեցին իրենց գրանցման թաղամասեր՝ Բաքըրքյոյ և Ֆերիքյոյ, քվեարկեցին և շնորհակալություն հայտնեցին հավաքված պոլսահայությանը մասնակցության համար:

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը անցկացվում է երկաստիճան սկզբունքով՝ համաձայն 1863 թվականի Ազգային սահմանադրության: Հոգևոր և աշխարհական պատվիրակները միասին են ընտրում պատրիարքին: Ամեն թեկնածու ունի համապատասխանաբար 102 պատվիրակ: Չորեքշաբթի օրը այսօր ընտրված աշխարհական պատվիրակներն ու երեկ երեկոյան ընտրված հոգևոր պատվիրակները միասին կընտրեն Պոլսո Հայոց նոր պատրիարքին:

XS
SM
MD
LG