Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքի աթոռի համար կպայքարեն երկու թեկնածուներ


Թուրքիա - Պատարագ Ստամբուլի Սուրբ Վարդանանց եկեղեցում, արխիվ
Թուրքիա - Պատարագ Ստամբուլի Սուրբ Վարդանանց եկեղեցում, արխիվ

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի աթոռի համար երկու թեկնածու կպայքարի՝ ներկայիս պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ Պատրիարքի թեկնածուներից մեկը համարվող Գերմանիայի թեմի նախկին առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չի առաջադրվի դեկտեմբերին կայանալիք պատրիարքական ընտրություններում: Այս մասին Բեքչյան սրբազանը տեղեկացրել է կիրակի օրը Պատրիարքարան ուղարկած նամակով: «Ներկա պայմաններում, երբ խախտված են շուրջ 10 սրբազան եպիսկոպոսների իրավունքները և ջնջված են նրանց թեկնածու լինելու հնարավորությունները, ես հարմար կնկատեմ, ի զորակցություն նրանց, նույնպես չներկայանալ իբրև թեկնածու: Ուղեցույցի սահմանափակումը Պատրիարքարանի ապագայի համար վտանգ է ներկայացնում», - իր նամակում նշել է Գարեգին Բեքչյանը՝ մյուս երկու թեկնածուներին հորդորելով նույնպես չառաջադրվել՝ հանուն հավասարության և արդարության:

Շուրջ մեկ ամիս առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նոր Պատրիարքի ընտրության համար համապատասխան կանոնադրություն էր ուղարկել, որի համաձայն՝ Պատրիարքի թեկնածու կարող են լինեն միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները: Այս սահմանափակումով խոչընդոտվում է Թուրքիայից դուրս ծառայող մի շարք եպիսկոպոսների առաջադրվելու հնարավորությունը:

Վիճահարույց կետը պոլսահայ համայնքում դժգոհությունն էր առաջացրել՝ դառնալով թեժ բանավեճերի առարկա: Հոկտեմբերի 3-ին Պատրիարքարանում տեղի ունեցած ընդլայնված կազմով ժողովի ժամանակ պատրիարքական ընտրությունը նախապատրաստող Նախաձեռնող մարմնի, համայնքային հիմնադրամների նախագահների ու հոգևորականների երկար ու բարդ քննարկման արդյունքում որոշում էր կայացվել չբողոքարկել վիճելի դրույթը և ընտրության գնալ պետության ուղարկած կանոնադրությամբ:

Այսպիսով, արքեպիսկոպոս Բեքչյանի չառաջադրվելու որոշմամբ Պատրիարքի աթոռը միայն երկու հավակնորդ ունի: Պատրիարքի թեկնածուներ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը արդեն սկսել են իրենց նախընտրական քարոզարշավը:

Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG