Մատչելիության հղումներ

Իմփիչմենթի հարցը կարող է մինչև տարեվերջ քվեարկվել Ներկայացուցիչների պալատում


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսի, Վաշինգտոն, 5-ը դեկտեմբերի, 2019թ.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին պատկան հանձնաժողովին հանձնարարել է կազմել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի փաթեթը: Դա կարևոր քայլ է գործընթացն սկսելու ուղղությամբ:

«Վճռվում է մեր դեմոկրատիայի ճակատագիրը, նախագահը մեզ այլընտրանք չի թողնում», - ասել է Նենսի Փելոսին:

Ենթադրվում է, որ իմփիչմենթի հարցով օրինագիծը մինչև Սուրբ Ծնունդի տոները քվեարկության կդրվի Ներկայացուցիչների տան լիագումար նիստում:

Հանրապետականները պաշտպանում են Թրամփին և դատապարտում են իմփիչմենթի գործընթաց սկսելու դեմոկրատների նախաձեռնությունը:

«Դեռ այս տարվա մարտին խոսնակը [Փելոսին] ասել է, որ իմփիչմենթի գաղափարն այնքան քայքայիչ է երկրի համար, որ այն կարելի է առաջ տանել միայն երկու կուսակցությունների համաձայնությամբ, դա էր նրա հռչակած չափանիշը, և նա հիմա հետ է կանգնում դրանից», - ասել է Ներկայացուցիչների տան հանրապետական փոքրամասնության լիդեր Քևին ՄըքՔարթին:

Դեմոկրատների համոզմամբ, հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում Թրամփը փորձել է ճնշում գործադրել և վարկաբեկող տեղեկություններ կորզել հաջորդ տարվա ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Ջո Բայդենի ու նրա որդու՝ Հանթերի մասին:

Վերլուծաբանների համոզմամբ, Թրամփը կարող է իմփիչմենթի ենթարկվել Ներկայացուցիչների տանը, սակայն նախաձեռնությունն աջակցություն չի ստանա Սենատում, որտեղ մեծամասնություն ունեն Թրամփի կուսակից հանրապետականները:

XS
SM
MD
LG