Մատչելիության հղումներ

Բադասյանը կարծում է՝ հարկատուները դեմ չեն լինի ՍԴ անդամների վաղաժամ թոշակի մասին նախագծին


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն «Ազատության» տաղավարում, Երևան, 3-ը դեկտեմբերի, 2019թ․

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է՝ հարկատուները դեմ չեն առաջարկվող նախագծին, ըստ որի Սահմանադրական դատարանի անդամները վաղաժամ թոշակ կստանան, եթե հրաժարական տան: «Ազատության» հետ զրույցում նախարարը հակադարձեց խորհրդարանական ընդդիմության քննադատությանը, թե բյուջեի հաշվին իշխանությունն ազատվում է անցանկալի պաշտոնյաներից: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անգամ հաշվել էր, որ եթե դատարանի անդամները օրենքից օգտվեն, ապա առաջիկա տարիներին պետության վրա մոտ 1 միլիարդ դրամի բեռ կավելանա:

«Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամը պետք է լուծվի իրավունքի գերակայության սկզբունքներին համապատասխան: Այսինքն՝ ուղղակի լուծել Սահմանադրական դատարանի խնդիրը ոչ օրինական կամ ոչ իրավական ճանապարհով՝ անընդունելի է գործող կառավարության համար, ինչպես ցանկացած ոլորտում նմանատիպ հարցերի լուծումը», - ասաց Բադասյանը՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է հարկատուների հաշվին ու նմանատիպ շահարկումներին՝ իսկ մեր հարկատուները որքա՞ն են պատրաստ վճարել աշխատավարձ տարբեր պետական համակարգերում՝ չվստահելով նման համակարգերին: Եվ եթե սա հնարավորություն է՝ մասամբ կամ ամբողջությամբ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու, իսկ ինչո՞ւ հարկատուն պետք է դեմ լինի դրան»:

Թե ինչու իշխանությունները փոշմանեցին և հիմա դեմ են առաջին ընթերցմանը կողմ քվեարկած՝ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավարների պաշտոնները քաղաքական դարձնելու օրինագծին, Ռուստամ Բադասյանը բացատրում է՝ այդ պաշտոնները քաղաքական դարձնելը կարող էր խնդիրներ առաջացնել ուժային կառույցների ներսում․ - «Եթե մենք ասում ենք, որ այս պահից սկսած ոստիկանապետի և տեղակալների պաշտոնները այլևս չեն կարգավորվելու Ոստիկանության ծառայության մասին օրենքով և բացառապես լինելու են վարչական պաշտոններ, նշանակում է՝ մենք արձանագրում ենք, որ գործող ոստիկանապետը, տեղակալները, ԱԱԾ տնօրենը, տեղակալները այլևս չեն կրելու զինվորական կոչում, ինչը նման համակարգերի աշխատակիցների համար չափազանց կարևոր է, և դրա զրկումը կարող է բերել մոտիվացիայի նվազման: Երկրորդ տարբերակը նա էր, որ էն անձինք, ովքեր համակարգից դուրս առաջին անգամ կնշանակվեն, իրենք պետք է արդեն ստանային զինվորական կոչում, որովհետև դուալ կարգավիճակ չէինք կարող ունենալ՝ չէինք կարող ունենալ անձինք, ովքեր ունեն կոչում, անձինք, ովքեր չունեն կոչում, բայց նույն պաշտոնն են զբաղեցնում: Հետևաբար՝ ուղղակի համակարգից դուրս մարդուն նշանակելը, իհարկե, օգտակար է այդ համակարգի համար, բայց նրան հենց նշանակման ուժով տալ որևէ, օրինակ՝ գնդապետի, կոչում, կրկին անընդունելի է և արդար չէ էն անձանց նկատմամբ, ովքեր ամբողջ կյանքը անցկացրել են այդ համակարգում»:

Այդուհանդերձ, իշխանությունները համակարծիք են «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկին, առաջիկայում նորից կանդրադառնան դրան: «Կմտածենք լուծման ուղիների մասին, հետագայում, հետագա բարեփոխումների շրջանակում», - ասաց արդարադատության նախարարը: Հարցին, թե դա մո՞տ ապագայում կլինի, նա արձագանքեց․ - «Ես կարծում եմ՝ այո»։

Հարցին էլ՝ ստացե՞լ են արդյոք այդ կառույցներից ուղերձներ, որ կընդվզեն, դիմադրություն ցույց կտան, Ռուստամ Բադասյանը պատասխանեց․ - «Ոչ, ոչ, քննարկումների ժամանակ առնվազն Ոստիկանությունը կողմ է արտահայտվել փոփոխությանը, կամ քննարկումների ժամանակ Ազգային անվտանգության ծառայության կողմից այդպիսի, ինչ-որ, ագրեսիվ անհամաձայնություն կամ կտրուկ անհամաձայնություն չի եղել, եղել են մտահոգություններ, քննարկվել, այսինքն՝ նորմալ պրոցես է: Մտահոգություններ, այո, եղել են»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG