Մատչելիության հղումներ

Էդմոն Մարուքյան․ Ի՞նչ է փոխվել առաջինից երկրորդ ընթերցում, որ իշխանությունը փոշմանել է


Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկումների ժամանակ զարմացավ, թե այդ ինչպես ստացվեց, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին իրենց բերած նախագծին առաջին ընթերցմամբ քաղաքական մեծամասնությունը կողմ արտահայտվեց, իսկ արդեն երկրորդ ընթերցումից առաջ պետաիրավական հարցերի հանձնաժողովը դեմ քվեարկեց նախագծին:

Ընդդիմադիրների առաջարկով ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են դառնալ պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները բավարարող անձինք, այսինքն՝ համակարգում չաշխատած քաղաքացիականներ:

«Ի՞նչ է փոխվել առաջինից երկրորդ ընթերցում, որ իշխանությունը փոշմանել է: Այս քաղաքական հարցին պատասխանեք, մնացածը իրավական տեխնիկայի հարցերն են», - նշեց Մարուքյանը:

Իրավական հակափաստարկները ներկայացրեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա ասաց, թե ընդդիմադիր խմբակցության ներկայացրած նախագծով խարխլվում և ձևախեղվում է համակարգը: Վարդանյանն արդարացավ՝ զօրուգիշեր են աշխատել և այդպես էլ չեն գտել իրավական այն ճանապարհը, որը հակասություն չի առաջացնի Սահմանադրության հետ․ - «Փորձ ենք կատարել գծել մի լուծում, որի պարագայում մենք կարողանանք ազատականացնել այդ կառույցների ղեկավարներին, բայց հարց է առաջացել առ այն, թե ինչ անել տեղակալների հետ: Տեղակալները իրավական առումով ունեն միայն պատվիրակած լիազորություն, նրանք ինքնուրույն լիազորություն չունեն: Հետևաբար պետք էր ազատականացնել նաև տեղակալներին: Եթե ազատականացնում ենք տեղակալներին, ապա նրանք պետք է ունենան հավասար կարգավիճակ, նրանք չպետք է ունենան տարբեր կարգավիճակ»:

Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է նաև, որ խմբակցության գրության հիման վրա Ազգային ժողով հրավիրվեն ԱԱԾ ղեկավարին, ոստիկանապետին և վարչապետին ենթակա մյուս մարմինների ղեկավարներին: Այս առաջարկի մերժման բացատրություններից մեկ էլ այն է, թե նոր Հայաստանում այդ մարմինների ղեկավարները սովորույթի ուժով արձագանքել են բոլոր նման հրավերներին:

Մարուքյանը հակադարձում է․ - «Բայց սահմանադրական սովորույթը կարող է նաև վատ նախադեպով լինել․ հրավիրենք՝ չգա, ու դա դառնա սովորույթ: Սահմանադրական սովորույթ լինեի, որ հրավիրում ես՝ չեն գալիս»:

Սովորույթի ուժը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի միակ հակափաստարկը չէր: Նրա խոսքով՝ փաթեթում վերջին պահին ներառված այս փոփոխությունը, ի տարբերություն մյուսների, սահմանադրական օրենք է: Եթե մյուս դեպքերում անհրաժեշտ է պարզ մեծամասնություն, ապա սահմանադրական օրենքի հաստատման համար ավելի բարձր պահանջ է դրված՝ ձայների երեք հինգերորդը:

«Խորհրդարանական վերահսկությունը նշանակում է, որ օրենսդիրը վերահսկում է գործադիրին, այլ չի միջամտում նրա գործառույթների մեջ: Նույն տրամաբանությամբ գործադիրը կարող է նման չակերտավոր լուծումներ առաջարկել և պարտավորեցնել Ազգային ժողովի պատգամավորին, օրինակ, մասնակցել կառավարության կոմիտեի նիստերին»:

Մարուքյանի պատասխանը հարակից զեկուցող իշխանական պատգամավորին կոշտ էր․ - «Պարոն Վարդանյան, ես ուղղակի ապշած եմ: Ախր Դուք սահմանադրական իրավունքի մասնագետ եք․ նման բան որ ասում եք, ես կարծում եմ, սահմանադրական իրավունք գիտության հիմնադիրները գերեզմաններում շուռ էկան հիմա, խառնվեցին իրար»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նախ սփոփեց ընդդիմադիր գործընկերոջը՝ հիշեցնելով, որիր նախագծերը ևս իշխող մեծամասնությունը մերժում է: Ապա դարձավ կառավարության ներկայացուցչին՝ ի՞նչ փոխվեց առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, որ սկսեցին դեմ արտահայտվել նախագծին:

Պետրոսյանը շեշտեց, որ ի տարբերություն իշխանությունների՝ «ԲՀԿ-ի համար հենց սկզբից նախագիծը ընդունելի չէր․ - «Համակարգը պետք է ղեկավարի կոմպետենտ մարդ, որը տիրապետում է ոլորտում: Սա, ինձ թվում է, որևէ մեկի համար վիճելի չէ»:

Արտահերթ ելույթով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ արժեքաբանական առումով իշխանությունը նախագծի հետ խնդիր չունի, թափանցիկության կողմնակից է, բայցև նկատեց՝ այս նախագիծը կարծես թե չի ստացվում․ - «Կցկտուր, թերի մի բան: Դա լուծում չի, չի լինելու»:

Նկատենք, որ հենց այս նախագծի շուրջ արտահայտվելու համար էր աշխատանքից ազատվել փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, ով աշխատանքից ազատման դիմում գրելուց մեկ օր առաջ լրագրողների հետ զրույցում դեմ էր արտահայտվել Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու օրինագծին:

Նախագծով ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակվելու համար դրվում է վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի լինելու, Հայաստանում բնակվելու և 25 տարին լրացած լինելու պահանջը:

XS
SM
MD
LG