Մատչելիության հղումներ

ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունները դեմ կքվեարկեն հրաժարականի դեպքում ՍԴ անդամներին թոշակ տրամադրելու առաջարկին


Հայաստանի Ազգային ժողովը, արխիվ

ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունները դեմ կքվեարկեն հրաժարականի դեպքում Սահմանադրական դատարանի անդամներին աշխատավարձին ու հավելավճարին համարժեք թոշակ տրամադրելու՝ կառավարության առաջարկին։

Նշենք, սակայն, անկախ ընդդիմադիրների քվեարկությունից, ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ունեցող «Իմ քայլ»-ի ձայներն էլ նախագծի ընդունման համար բավարար են:

Նախագիծն ԱԺ հերթական նիստերի օրակարգում է, նախատեսվում էր, որ այսօր կքննարկվի, բայց ինչպես «Ազատությանը» փոխանցեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, հարցին կանդրադառնան հինգշաբթի օրվանից. պատճառը տեխնիկական բնույթի սրբագրման անհրաժեշտությունն էր:

Նախնական տարբերակում նշվում էր, որ ՍԴ անդամներն առաջարկից կարող էին օգտվել մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, փոփոխությամբ դատավորները որոշում կայացնելու համար օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետ կունենան:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու առաջարկն աբսուրդ որակեց։ Կատարողներն էլ, ինչպես ձևակերպեց, պետք է մտածեն, որ պատասխան են տալու։

«Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի, անարդարության, չգիտեմ, ասենք թե, լճացման համար, այլ առաջարկում են, որ մենք ձեզ գումար կվճարենք, որ դուք չաշխատելով այդ գումարից կօգտվեք, համաձայնվեք, եթե չէ, այս ամսից հետո մենք դա չենք վճարելու։ Դա ով լսի, աբսուրդ է։ Մենք ասել ենք, որ դրան կողմնակից չենք լինելու, այդ կատարողներն էլ հետո պետք է մտածեն, որ դրա համար իրենք պատասխան են տալու», - ասաց նա։

«Լուսավոր Հայաստանը» ևս նախաձեռնությունը քննադատում է։ Տարոն Սիմոնյանի խոսքով՝ ստացվում է՝ հասարակության գրպանի հաշվին խրախուսվելու են այն դատավորները, որոնք մինչ այս քարկոծվում էին վստահություն չունենալու համար։ Կառավարությունը հաշվարկել է՝ եթե հրաժարական տան ՍԴ նախագահն ու վեց դատավորները, մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը պետությունը նրանց տարեկան գրեթե 91 միլիոն դրամ կենսաթոշակ պետք է վճարի:

«Այս գործընթացով, ես չեմ հասկանում, ինչ է ուզում իշխանությունն ասել։ Ուզում է ասի՝ եկեք, տեսեք, վերջին քայլն էլ արեցի, ասացի՝ եկեք, ձեզ փող տամ, գնա, այ որ չեք գնում, ես դրանից հետո այլ քայլերի կդիմեմ, է մինչև հիմա դիմեիք, եթե դա իրավական պետության տրամաբանության մեջ տեղավորվում է։ Ի՞նչ կարիք կա հարկատուի հաշվին լավություն անել և մարդուն անաշխատ եկամուտով երաշխավորել երիտասարդությունը կամ հետագա ամբողջ կյանքը», - նկատեց պատգամավորը։

Տարոն Սիմոնյանը քողարկված ճնշման տարրեր էլ է նկատել, կարծում է՝ դատավորներից ոչ մեկը հրաժարական չի տա՝ առաջարկն արժանապատվությունից ցածր համարելով. - «Ասում են՝ մենք ձեզ չենք ուզում տեսնել Սահմանադրական դատարանի դատավոր, որքան հնարավոր է շուտ դուրս եկեք և գնացեք այս համակարգից։ Այս առումով, իհարկե, ճնշում կա, բայց որ ասեմ՝ գնացել են, մարդկանց սպառնացել են, որ դուրս չգաք, թե չէ այլ գործողություններ ձեր նկատմամբ կկիրառվեն, այդպիսի ինֆորմացիա մենք չունենք», - ընդգծեց նա։

Իշխանությունից հակադարձում են՝ երբ պահպանված է կամավորության սկզբունքը, ի՞նչ ճնշման մասին է խոսքը։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը զարմացած է՝ ԱԺ-ն պասիվ է, քննադատվում է, ակտիվ է, կրկին քննադատվում է։ Չնայած ընդդիմադիրների հայտարարություններին, «Իմ քայլ»-ից Վարդանյանը կարծում է՝ Սահմանադրությանը համապատասխան իրականացվող ցանկացած գործընթացի մեջ արժե մտնել։

«Կամավոր վաղ կենսաթոշակի ինստիտուտի մասին է խոսքը, և դատավորներն իրենք պետք է ընտրեն՝ իրենք ընդունում են այդ կանոնակարգումները, թե ոչ, առաջնորդվում են դրանով, թե ոչ, արժե, չարժե, սա գնահատականի հարց է, բայց մենք հետևյալ հարցին պետք է պատասխան տանք՝ արժե արդյո՞ք պահպանել այս լարված իրավիճակը Սահմանադրական դատարանի շուրջ, որովհետև մենք ի վերջո փորձ ենք կատարում կյանքի կոչել սահմանադրական այն կանոնակարգումները, որոնք նախատեսված էին 2015թ. Սահմանադրության փոփոխություններով, և այս ճանապարհին, իմ կարծիքով, մենք պետք է հնարավորինս պրոակտիվ լինենք, այսինքն՝ կարելի է հայտարարել, որ ճգնաժամ չկա և դրանով սահմանափակել, բայց դրանով ճգնաժամը չի վերանում, առնվազն մենք պետք է արձանագրենք, որ դատավորներից մեկը չի մասնակցում նիստերին, պետք է արձանագրենք, որ Սահմանադրական դատարանում փոխնախագահ այսքան ժամանակահատվածում չի ընտրվել, պետք է արձանագրենք, ճիշտ է՝ Սահմանադրական դատարանի դատավորները սրա մասին չեն խոսում, բայց նաև այն դատավորները, որոնք այսօր պաշտոնավարում են, ըստ էության զրկված են Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրվելու իրենց սահմանադրական իրավունքից, ըստ էության։ Այս կարգի հարցեր կան, որոնք վկայում են նրա մասին, որ մենք ունենք խնդիր Սահմանադրական դատարանում», - բացատրեց Պետաիրավական հանձնաժողովի նախագահը։

Նախագիծը վերաբերում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին, նրանցից ոչ մեկը մինչ այս պահը հրապարակային չի հայտարարել, թե պատրաստ է հրաժարական ներկայացնել ու վաղ կենսաթոշակի գնալ:

22 տարի ՍԴ անդամ աշխատող Ֆելիքս Թոխյանը նախընտրեց չխոսել կառավարության առաջարկից՝ պատճառաբանելով, թե իրենց «օրենքով է արգելված մեկնաբանություններ տալ»։ Այնինչ դատավորներից Ալվինա Գյուլումյանը իր կարծիքը ազատորեն արտահայտել է. նրա համար առաջարկն անընդունելի է. - «Չի կարելի վարձատրվել չարած աշխատանքի համար, այդ ամենը դատավորի, իրավաբանի համար, ես ինքս բարոյական չեմ համարում»։

ԱԺ փոխնախագահ («Իմ քայլը» խմբակցություն) Ալեն Սիմոնյանը համոզված է՝ ՍԴ ճգնաժամը վաղ թե ուշ լուծվելու է. - «Որպեսզի չլինեն խոսակցություններ, որ իշխանությունը ճնշումներ է գործադրում և այլն, և այլն, մի համակարգի վրա, որը տարիներ շարունակ սպասարկել է նախկին իշխանությունը, ընտրվում և արվում է ամեն ինչ, որ ամեն ինչ լինի օրինականության սահմաններում և ցնցումներից զերծ, բայց այն բանը, որ հարցը լուծվելու է, ինչպես լուծվեց Ազգային ժողովի հարցը, ինչպես լուծվեց Սերժ Սարգսյանի իշխանության հարցը, թող որևիցե մեկի մոտ կասկած չհարուցի», - եզրափակեց նա։

XS
SM
MD
LG