Մատչելիության հղումներ

Կառավարությունը ժողովրդի գրպանի հաշվին ցանկանում է ազատվել ՍԴ «անցանկալի դատավորներից»


Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Ազգային ժողովում: 2-ը դեկտեմբերի, 2019թ․

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձն ու պարգևավճարները պահպանելով՝ նրանց վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու կառավարության առաջարկին:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» հայտարարեցին, թե Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Ինչպես պատգամավոր Գևորգ Պետրոսյանը («Բարգավաճ Հայաստան») շեշտեց՝ իշխանությունը ընդամենը ցանկանում է իր կադրերով փոխարինել Սահմանադրական մարմինը, որպեսզի ցանկալի որոշումները հեշտությամբ կյանքի կոչի:

Խորհրդարանի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ եթե Սահմանադրական դատարանի դատավորները մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ինքնակամ թոշակի գնան, ապա մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ պահպանելով աշխատավարձի և սահմանված հավելավճարի չափը: Այսկերպ, ըստ նախարարի, իրենք փորձում են լուծել Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամը, և հանրության կողմից վստահություն չունեցող դատավորներին «պատվավոր հեռանալու» հնարավորություն տալ:

Ռուստամ Բադասյան
Ռուստամ Բադասյան

«Քանի որ Ռուսաստանի Դաշնությունում «պատվավոր հեռանալ», «պատվավոր հեռացնել» տերմիններն էր օգտագործվում, մենք էլ ենք նույն իմաստը դնում՝ ասելով, որ հանրության ցածր վստահության մակարդակը դատական համակարգի նկատմամբ, այդ թվում Սահմանադրական դատարանի նկատմամբ, լուծելու առումով մենք անձանց վիրավորելու, կամ այս նախագծով ամենևին այդպես չընկալվի, նրանցից ազատվելու խնդիր չենք դնում, այլ պատվավոր հեռանալու ինստիտուտ ենք փորձում ներդնել՝ պահպանելով իրենց սոցիալական երաշխիքները», - նշեց Բադասյանը:

Գևորգ Պետրոսյան
Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը մինչդեռ անընդունելի համարեց նախագիծը՝ նշելով, որ եթե կառավարությունը կարծում է, որ անվստահություն կա դատական ողջ համակարգի նկատմամբ, ինչո՞ւ բոլոր դատավորներին նման վաղաժամ կենսաթոշակից օգտվելու հնարավորություն չի տրվում կամ այլ մարմինների համար նման կարգ չի առաջարկվում, օրինակ՝ պատգամավորների դեպքում․ - «Ես էլ, օրինակ, կուզենամ, որ հիմա իմ չորս տարի երեք ամսվա աշխատավարձն ու խրախուսումները տան, և գնամ իմ համար ըմբոշխնեմ ձմեռային երեկոների հաճույքը Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում: Հետո, դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, Հայաստանի հարկատուները պատրա՞ստ են չաշխատող դատավորների կերակրել: Այսինքն, այդ դատավորները, որոնք ձեր համար վստահություն չեն ներշնչում, ասում եք՝ գնացեք անհոգ կյանքով ապրեք: Սա ի՞նչ տրամաբանություն է: Եթե մարդը անվստահություն ա ներշնչում, նրան դրախտի պուտյովկա՞ եք տալիս: Իմա՞ստը»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնպես հայտարարեց, որ իրենք դեմ են կառավարության այս նախագծին՝ ընդգծելով, որ իշխանությունը թիրախավորել է այսօր մեկ մարմին և մի մարմնում՝ մի մարդու:

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

Ըստ Մարուքյանի, Սահմանադրականի դատարանի այն դատավորը, որը դիմում գրի և այս փոփոխության շնորհիվ վաղաժամ թոշակի գնա, նա մասնագիտական ինքնանվաստացման ճանապարհով է անցնելու․ - «Իրավական տեսանկյունից ո՞նց եք պատկերացնում, որ կարելի է մեզ համար ընդունելի լինել, որ 600-ից ավելի միլիոն դրամ դուք տաք, որ դատավորները դիմում գրեն, գնան իրենց տանը նստեն, բարձր աշխատավարձով երիտասարդ թոշակառուներ դառնան: Հարց է առաջանում․ բա այն դատավորները, որ, ասենք, Նիկոլ Փաշինյանին են դատել, Սասուն Միքայելյանին են դատել, Սմբատ Այվազյանին են դատել, Գագիկ Ջհանգիրյանին են դատել, կարող եմ ժամերով թվարկել, թե ինչքան մարդ են դատել, այսօր աշխատում են: Բա իրենց նկատմամբ վստահության խնդիր չկա՞, իմ թվարկած ինստիտուտների նկատմամբ վստահության խնդիր չկա՞: Թե՞ նրանք արդեն գործարքի մեջ են, թե՞ նրանք արդեն ինչ ասում եք, անում են: Այստեղ անմարդկային բան էլ կա․ որ դատավորը դիմում գրի, որ սրանով գնա թոշակ ստանա, նա մասնագիտական ինքնանվաստացման գործընթացով է անցնելու, նվաստանալու է որպես մասնագետ: Մենք դեմ ենք այս նախագծին»:

Ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանը («Լուսավոր Հայաստան») հետևյալ դիտարկումն արեց․ կառավարությունն օրենքի հիմնավորման մեջ գրել է, թե ակնկալվող արդյունքը 2015-ի սահմանադրական փոփոխություններով ամրագրված Հայաստանի ժողովրդի կամքը կյանքի կոչելն է:

Տարոն Սիմոնյան
Տարոն Սիմոնյան

Արդարադատության նախարար Բադասյանին Սիմոնյանը հարցրեց, թե արդյոք իսկապես կարծում են, որ 2015-ի սահմանադրական փոփոխություններով ժողովրդի կամքն է ամրագրվել, եթե այո, ապա դրանով հակասում են կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե այդ հանրաքվեով ժողովրդի կամքը չի արտահայտվել․ - «Եթե պատասխանեք՝ ոչ, չի ամրագրվել ժողովրդի կամքը, և կիսեք պարոն Փաշինյանի կարծիքը, ապա այս ո՞ւմ կամքն եք դուք այս նախագծով կյանքի կոչում: Ես որքան գիտեմ, բոլոր քաղաքական ընդդիմախոսները այս փոփոխությունների, այդ թվում ձեր ղեկավարը նշել է, որ այս փոփոխություններով ամրագրվել է Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի կամքը»:

Նախարարի արձագանքը․ - «Կարծես թե ինձ հիմա հուշում են, որ վերջնական տեքստում ժողովրդի կամքը հանված է»:

Տարոն Սիմոնյանը շեշտեց, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ միանշանակ չկա:

Այս համոզունքին է նաև «Բարգավաճ Հայաստանը»: Գևորգ Պետրոսյանի կարծիքով, այսօր մեկ ճգնաժամ կա․ - «Ոչ մի ճգնաժամ չկա: Ասել եմ, պնդում եմ: Այնտեղի միակ ճգնաժամի անուն-ազգանունը Վահե Գրիգորյան է, որը չի աշխատում և փող է ստանում»:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց վաղը մեկնարկող լիագումար նիստերի օրակարգ, այն քննարկվելու է 24-ժամյա ռեժիմով:

Հավելենք, որ սահմանադրական օրենքի փոփոխության համար անհրաժեշտ է պատգամավորների կողմ ձայների 3/5-րդը, այսինքն 79 ձայն: «Իմ քայլը» իշխող խմբակցությունը ունի 88 անդամ:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG