Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավոր․ Դա փրկագին է, որ պետք է վճարենք առողջ դատական համակարգ ունենալու համար


Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան («Իմ քայլը)
Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան («Իմ քայլը)

«Դա այն փրկագինն է, որը մենք պետք է վճարենք առողջ դատական համակարգ ունենալու համար», - Սահմանադրական դատարանի անդամներին վաղ կենսաթոշակի անցնելու՝ Կառավարության հաստատած և Ազգային ժողով ուղարկած նախագծերի փաթեթի մասին կարծիք հայտնեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Նախագծով առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգը, որով կպահպանվեն նրանց բոլոր սոցիալական երաշխիքները: Մասնավորապես, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացրած դատավորները մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման ժամկետը լրանալը կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած աշխատավարձի չափով:

«Վաղաժամ կենսաթոշակի տրամադրումը լավ օգնություն է նման իրավիճակում: Ինչո՞ւ հարկատուների հաշվին: Որովհետև, այսպես ասած փրկագին է դա՝ լավ է թե վատ է, բայց այդպես է, դատական համակարգը առողջացնելու համար: Եվ այդ կենսաթոշակը պետբյուջեի հաշվին է տրամադրվում, ոչ ոք չի կարող այդ կենսաթոշակը տալ իր գումարից և հարկատուների հաշվին», - պարզաբանեց Ջուլհակյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում նախագծի նախնական տարբերակը քննարկել են ու հանգել եզրակացության, որ որդեգրված սկզբունքն անընդունելի է:

Տարոն Սիմոնյան
Տարոն Սիմոնյան

«Նոր նախագիծը ուսումնասիրելուց հետո նոր միայն կասենք վերջնական կարծիքը», - ընդգծում է խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ ավելացնելով, որ այս պահին գնահատականը բացասական է․ - «Առաջարկում ենք դուրս գալ իր պաշտոնից՝ միայն այն պայմանով, որ մենք պատրաստ ենք նրան վճարել, որովհետև նա մեզ դուր չի գալիս: Պետք է հասկանանք ով է վճարում: Չէ՞ որ մենք շատ գումար չունենք, որպեսզի երիտասարդ դատավորներին ուղարկենք թոշակի, ասենք՝ գնացեք, մենք մեր հարկատուներով ձեզ կվարենք, դուք տանը ընդամենը նստեք, ոչ մի բան մի արեք, հանրային ծառայություն մի մատուցեք, բայց մենք վճարենք: Այս տեսանկյունից մեզ համար ընդունելի չէ, որ հարկատուի գրպանից անհիմն գումար գնա ինչ-որ մեկ այլ անձի գրպան՝ այն պատճառով, որ նա ուզում է հանգստանալ»:

Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի նպատակը 2015 թվականի սահմանադրության փոփոխություններով Սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելն է: Նկատենք, որ չնայած փոփոխված Սահմանադրությամբ ՍԴ նախագահը ընտրվում է 6 տարի ժամկետով դատարանի դատավորների կողմից, Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնավարելու է մինչև 65 տարեկան դառնալը՝ 2035 թվականը, քանի որ նա ընտրվել փոփոխությունների ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ նախկին Սահմանադրությամբ:

«Լուսավոր Հայաստանում» ընդունում են, որ այս իրավիճակը արդարացի չէ, բայց լուծման տարբերակը ևս ընդունելի չէ:

Պատգամավոր Սիմոնյանը մտահոգություն է հայտնում, որ եթե անգամ դատավորները որոշեն օգտվել այս հնարավորությունից, հաշվի առնելով իշխող ուժի նախկին հայտարարությունները և Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործերը, դա բավականին կասկածելի կլինի․ - «Կամավորությունը պետք է դրսևորվի այն կերպ, որ հանկարծ անձի համար այնպիսի պայմաններ չստեղծեն, որ նա ստիպված «կամավոր» գնա այդ քայլին: Սա տեսական մակարդակում եմ փորձում ասել, չեմ ուսում ասել, թե սա գործնականում տեղի է ունեցել կամ տեղի է ունենում․ չենք կարող անձի հարազատների նկատմամբ քրեական գործեր հարուցել, իր նկատմամբ ոչինչ չանել, ասել՝ դե, որ հրաժարվես պաշտոնից, գնաս թոշակի, մենք կդադարեցնենք քրեական հետապնդումը: Սա արդեն կամավորություն չի»:

Արուսյակ Ջուլհակյանը հաստատում է՝ սա Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամը լուծելու հերթական տարբերակն է: Նախորդը Ազգային ժողովի կողմից Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ընդունված և ՍԴ-ում մերժված որոշումն էր:

Բայց քրեական գործերը, ըստ իշխանական պատգամավորի, որևէ կերպ չպետք դիտարկել որպես Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծելու ևս մեկ փորձ․ - «Իրենք շահերից է բխում, թե իրենց մասնագիտական և մարդկային հեղինակությունը գոնե մի փոքր պահպանելու տեսանկյունից այդ նախագծով իրենց առաջարկվող մարդասիրական միջանցքից օգտվելը»:

Չնայած Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի մասին հայտարարել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը Ազգային ժողովում իր ընտրվելու օրը, բայց «Բարգավաճ Հայաստանում», ինչպես փոխանցեց խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, այս հարցը դեռ չեն քննարկել և չեն կարող կարծիք ասել ո՛չ Ազգային ժողով ուղարկված նախագծի, ո՛չ է ՍԴ֊ում հնարավոր ճգնաժամի մասին:

Սերգեյ Բագրատյան
Սերգեյ Բագրատյան

«Քաղաքական դիրքորոշումը Ձեր նշած հարցի վերաբերյալ խմբակցությունում քննարկումից հետո կպատասխանենք», - «Ազատության» հետ զրույցում հավելեց Բագրատյանը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ֊ում քննարկվելու է արտահերթ ընթացակարգով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG