Մատչելիության հղումներ

Ալվինա Գյուլումյան․ Կոնֆլիկտը միայն անձերի միջև է


Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյան
Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյան

Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը համոզված է, որ Բարձր դատարանի և իշխանության մյուս ճյուղերի միջև կոնֆլիկտ չկա, այն կա միայն անձերի միջև:

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն է «բացահայտ կոնֆլիկտ» բնորոշումը տվել՝ իր մտահոգությունը հայտնելով այդ առիթով:

«Դրսից նայողի համար դա իսկապես միգուցե կոնֆլիկտի տպավորություն է թողնում: Բայց մենք որևէ այլ սահմանադրական մարմնի հակադրվելու խնդիր չունենք: Մենք ընդամենը կայացնում ենք որոշումներ, որոնք կարող են նաև, այսպես ասած, ընդունելի չլիներ որևէ այլ մարմնի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գլուլումյանը:

Բուքիքիոն իր հայտարարությամբ կողմերին կոչ է անում զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն հանդես բերել՝ իր ձևակերպմամբ մտահոգիչ իրադրությունը թուլացնելու և Հայաստանի սահմանադրության նորմալ կիրառումը վերականգնելու համար։

Գյուլումյանը չի կարծում թե ՍԴ-ն չի գործակցում իշխանության մյուս թևերի հետ․ - «Գործակցության մասին են վկայում հենց այն դիմումները, որոնք ներկայացվում են մեզ, և որոնց վերաբերյալ մենք որոշում ենք կայացնում: Թեկուզ վերցնեմ հենց ամենաչնկատվող աշխատանքը՝ միջազգային պայմանագրերի վերաբերյալ մեր կողմից եզրակացություններ տալը, կամ որոշումներ կայացնելը Սահմանադրությանը դրանց համապատասխանության վերաբերյալ»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է որ Սահմանադրական դատարանի հետ կապված ճգնաժամ կա, որը պետք է լուծվի ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան․ - «Մի կողմից ինստիտուտներն են, որոնք վայելում են բարձր ժողովրդավարություն, մյուս կողմից մի ինստիտուտ է, որը որ ինքնին ներկայացնում է Սահմանադրությունը և օրենքը, բայց կա մի անհատ, որը․․․ խնդիրը անհատի մեջ է, որը նշանակվել է անօրինական ձևով, որի գործողությունները և որի գոյությունը վստահություն չի ներշնչում լեգիտիմ ընտրված պառլամենտի, կառավարության և այն ինստիտուտի միջև, որը որ գոյություն ունի»:

Կառավարությունում ի գիտություն են ընդունել Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունն ու նույն դիրքորոշմանն ունեն՝ Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրը պետք է լուծվի։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դժվարանում է պատասխանել հարցին, թե արդյոք միայն Հրայր Թովմասյանի հրաժարականով կարող է լուծվել ճգնաժամը․ - «Կարծում եմ, պետք է վաղ կենսաթոշակի ներդրումից հետո տեսնենք, թե քանի դատավոր է ուզում հրաժական տա այդ սխեմայի շրջանակներում: Ես մեծապես կարևորում եմ Սահմանադրական դատարանի կազմի թարմացումը»:

Վենետիկի հանձաժողովում մտահոգություն կա, որ եթե չափազանց շատ դատավորներ միաժամանակ ընդունեն այդ առաջարկը, Սահմանադրական դատարանի աշխատանքը կարող է որոշ ժամանակով կաթվածահար լինել, ու այդ մասին հայտնել են Հայաստանի իշխանություններին ու խնդրել են մտածել, թե ինչպես կարելի է խուսափել այս իրավիճակից:

Shant News-ին տված հարցազրույցում Ջիաննի Բուքիքիոն ասել է, որ իրենք շեշտել են, որ վաղ կենսաթոշակի անցման դրույթն իսկապես պետք է լինի կամավոր սկզբունքով։

Ալվինա Գյուլումյանը վստահ է, որ պատահական չէ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության տարածում հենց հիմա․ - «Անհանգստանում եմ, որ հանկարծ ինձ կարող են մեղադրել քաղաքական դաշտ մտնելու մեջ: Բայց դուք ինքներդ տեսնում եք, որ պահին է արվում այդ հայտարարությունը»։

Պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործ էր հարուցել պետական իշխանությունը յուրացնելու հոդվածով: Այն վերաբերում է Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելու գործընթացին:

Ավելի ուշ Թովմասյանին առնչվող նոր քրեական գործեր հարուցվեցին Քննչական կոմիտեում և Ազգային անվտանգության ծառայությունում։ Երկուսն էլ առնչվում են Հրայր Թովմասյանի Արդարադատության նախարար եղած տարիներին: նա որևէ գործում որևէ կարգավիճակով ներգրավված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG