Մատչելիության հղումներ

«ՍԴ-ի հետ կապված ցանկացած տեսակի զարգացումը տեղավորում են այլևս քաղաքական հարթության մեջ». պատգամավոր


Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի շուրջ ստեղծված իրավական գործընթացն, ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի, տեղափոխվել է քաղաքական դաշտ: Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում Տոնոյանն ասել է, որ այս օրերին հնչող այդպիսի հայտարարություններում կա ճշմարտության հատիկ։

«Որոշ հայտարարություններ, որոնք հնչում են իշխանության այս կամ այն ներկայացուցիչների կողմից, այս հարցը տեղափոխել են, որ Սահմանադրական դատարանի հետ կապված հարցը այլևս քաղաքական է և դրա հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի զարգացումը, որքան էլ որ լինի իրավական, տեղավորում են այլևս քաղաքական հարթության մեջ։ Համենայն դեպս մենք հույսով ենք, որ որևէ անօրինական գործընթաց ցանկացած անձի հետ կապված, կապ չունի դա կլինի Արսեն Բաբայանը, Արա Բաբլոյանը, Հրայր Թովմասյանը, որևէ մեկի հետ կապված որևէ անօրինական գործողություն տեղի չի ունենա», - նշեց Իվետա Տոնոյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց՝ ինքը դեռ օրերս է հայտարարել, որ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով Արսեն Բաբայանին հնարավոր չէր կալանավորել կամ ձերբակալել, իսկ երբ ավելացավ հաջորդ՝ իշխանության յուրացմանն օժանդակելու մեղադրանքը, կարծիք չի հայտնի, որովհետև մի քանի հարցականներ կան։

«Ես պետք է հասկանամ՝ ո՞ւմ է օժանդակել՝ Բաբլոյանի՞ն է օժանդակել, Հրայր Թովմասյանի՞ն, ո՞ւմ է օժանդակել, հիմա հիմնականում ում որ օժանդակել է, նա չկա քրեական գործում, եկեք չշտապենք, ոնց որ երեկ էլ է քննություն եղել, ոնց որ էսօր էլ կա, կարող է վաղն էլ լինի, ՀՔԾ-ում թող քննեն, չի բացառվում, որ ինչ-որ պահի նաև կարող է ՀՔԾ ներկայացուցիչներն, պետին հրավիրենք խմբակցություն և մենք էլ փորձենք մեր հարցերը նաև տալ այդ ձևով։ Ամեն դեպքում ես վստահեցնում եմ, որ ուշադիր հետևում ենք բոլոր ընթացող գործընթացներին», - ասաց Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նաև երեկվանից երկու ամսով կալանավորված Արսեն Բաբայանի գործին է ուշադիր հետևելու: Մարուքյանն ասաց՝ իրենք մտահոգություն կհայտնեն ու կխոսեն ցանկացած գործընթացի դեմ, եթե դրանք դուրս գան Սահմանադրության, Հայաստանի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի պարտավորությունների շրջանակից:

Լրագրողները նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանին ու Հովհաննես Իգիթյանին հարցրին՝ համաձա՞յն են այն պնդումների հետ, թե Հրայր Թովմասյանի ու ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացներում ներգրավված մարդիկ քաղաքական հետապնդման են ենթարկվում, Իգիթյանն ասաց՝ եթե ժամանակ ունենար կպատմեր, թե նախկինում ինչպիսին է եղել ցուցմունք տալու պրոցեսը, Անդրանիկ Քոչարյանը հորդորեց չպատմել, ընգծելով՝ գործող լրագրողներից շատերը նաև լուսաբանել են։

«Մարդուն կանչում են, ոչ թե մտնում են տուն, դուռը ջարդում առանց սանկցիայի և որպես վկա բոլորելով մեքենա և բերում են այստեղ, ես առանձին կարող եմ պատմել», - նշեց Իգիթյանը։

«Մի պատմեք, շատերը տեսել են այդ դրվագները», - Իգիթյանին արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը։

Իգիթյանը շարունակեց. «Հարուցվել է գործ և այդ գործի շրջանակներում հանգամանքներ կան, որ պետք է պարզվեն. կանչում են, հարցեր են տալիս։ Եթե դա համարվում է քաղաքական հալածանք, ապա քաղաքակիրթ ամբողջ աշխարհում բոլորին ուրեմն հալածում են, որովհետև ամեն տեղ հարցեր են տալիս և սպասում են հարցերի ճշգրիտ պատասխանը»։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին Իգիթյանը գերադասեց չանդրադառնալ, ասաց՝ նա ինքն է ուզում, որ հարցը քաղաքական դառնա և դրա համար էլ պարբերաբար քաղաքական հայտարարություններ է անում:

«Իմ քայլ»-ի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որը նաև Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ է, խոսելով նախկին ոստիկանապետ, պաշտոնական վարկածով ինքնասպան եղած Հայկ Հարությունյանի մասին, ասաց, որ նա երկու անգամ ընդունել է փաստահավաք խմբի հրավերը, բայց երկու անգամ էլ չի գնացել։

«Ես գնահատեցի, որ Հայկ Հարությունյանը ունի պրոբլեմ էդպիսի միջավայրում շփվելու և հարցերին պատասխանելու։ Ես հասկանում եմ էդ պրոբլեմն ինչից է գալիս, որովհետև Հայկ Հարությունյանը եթե գար, հասներ ներս և փակ դռների հետևում մենք շփվեինք իրար հետ, ինքը շատ հերցերի պատասխան տալու էր, որովհետև Հայկ Հարությունյանը դրանից առաջ եղել է պարոն Նիկոյանի ղեկավարած պառլամենտական հանձնաժողովում և այնտեղ իրեն տրված հարցերին տրվել են այնպիսի պատասխաններ, որը հետագայում նաև փաստահավաք խումբը վերցրեց իր ուսումնասիրությունների տիրույթ։ Հնարավոր շտաբի և նրա կառուցվածքի մասին էր, որ եղել է շտաբ, շտաբի որոշումները կատարել են ուժային կառույցները և ոչ միայն ուժայինները։ Հայկ Հարությունյանը հոգեբանորեն պատրաստ չէր գար և պատասխաներ այն հարցերին, որը իր համար ցանկալի չի», - ընդգծեց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը որպես Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ ասաց՝ իր հայտարարությունից հետո, որ Սերժ Սարգսյանն անպայման հրավիրվելու է քննիչ հանձնաժողով, հիմա էլ շրջանառվում են տարբերակներ, թե իրավական ո՞ր ճանապարհով նախկին նախագահը կարող է չընդունել հրավերը:

«Ես ասում եմ՝ բոլորն էլ իրավունք ունեն չգալու, բայց ապրիլյան թեման այնքան զգայուն է և նրա արժեքը քաղաքական այնքան մեծ է՝ ով որ չգա պրոբլեմը իրենցն է, որովհետև կասկածների մի հսկա կծիկ ամեն մեկը կվերցնի իր վրա», - ասաց Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG