Մատչելիության հղումներ

Մի խումբ բնապահպաններ ու քաղաքացիներ դատական հայց են ներկայացրել Ավինյանի դեմ


Փոխվարչապետ Տիգրան Ավինյան, արխիվ

Մի խումբ բնապահպաններ ու քաղաքացիներ դատական հայց են ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ։ Նրանք պահանջում են դատարանից պարտավորեցնել Ավինյանին հերքել Թբիլիսիում հոկտեմբերի 22-ին հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն արած հայտարարությունը։ Մասնավորապես, Ավինյանն ասել էր, թե Ամուլսարի հանքի շահագործման դեմ արշավը միանշանակ չէ, ու այն իրականացնողների մեջ կան մարդիկ, որոնք կապված են հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ։

«Կան անկեղծ և ազնիվ մարդիկ, ովքեր որ իրապես հավատում են, որ սա, այս ծրագիրը աղետ է, բայց նաև կան մարդիկ, որոնք որ ուղղակիորեն կապված են գործող հանքարդյունաբերական, որոշակի գործարարների, որոնք որ գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում, և էդ մարդիկ բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են ներդնում, համենայն դեպս նախկինում ներդնում էին, որպեսզի էս արշավը կազմակերպվի», - հայտարարել էր Ավինյանը:

Այս հայտարարությունը վրդովեցրել է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող մի խումբ բնապահպանների, ակտիվ քաղաքացիների: Նրանք համարում են, որ փոխվարչապետն արատավորել է իրենց արժանապատվությունը, չնայած այն հանգամանքին, որ Ավինյանն անուններ չի նշել։ Զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու քաղաքացիական հայցը ներկայացրել են 15 քաղաքացիներ, այդ թվում՝ բնապահպաններ Լևոն Գալստյանը, Աննա Շահնազարյանը, լրագրող Թեհմինե Ենոքյանը։

«Այսօր հասարակության հիմնական ընկալումն այնպիսին է, որ էդ անձինք են, որոնք հիմնականում էսօր պայքարում են Ամուլսարի դեմ, էնպիսի տպավորություն է, որ վերջինս ֆինանսավորվում է որոշակի աղբյուրներից: Այսինքն՝ էդ անձինք դիմել են դատարան՝ նշելով, որ հերքվի էդ տեղեկատվությունը, որ իրենց կողմից որոշակի ֆինանսավորում է ստացվում՝ համապատասխան գործառույթներ իրականացնելու, որովհետև էդ մարդիկ հիմնականում հասարակական հիմունքներով են մասնակցում», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Գուրգեն Թորոսյանը:

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն ասում է՝ մինչ այս իրենք հարցում են ուղարկել փոխվարչապետի գրասենյակ՝ ճշտելու՝ արդյո՞ք այդ հայտարարությամբ Ավինյանն իրենց է նկատի ունեցել։ Գալստյանի խոսքով, սակայն, փոխվարչապետի գրասենյակից պատասխանել են՝ լրացուցիչ մեկնաբանություններ չեն տալիս։

«Դա մեզ ինչ հետևության է բերում՝ բերում է հետևյալ հետևությանը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նաև այլ քաղաքացիները, որոնք որ կարդան կամ լսեն կամ նայեն փոխվարչապետի էդ հայտարարությունը, իրենք, ըստ էության, կգան էն եզրակացության, որ սա վերաբերում է էն մարդկանց և էն խմբերին և էն քաղաքացիներին, որոնք որ տարիներ շարունակ զբաղվել են Ամուլսարի պահպանության խնդիրներով», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Գալստյանը:

«Հայկական բնապահպանական ճակատ»-ի ներկայացուցիչը համոզված է՝ պետական պաշտոնյան նման հայտարարություններ անելիս պետք զգուշություն ցուցաբերի, ասում է՝ քանի որ դրա հետևանքով Հայաստանի քաղաքացիներն են տուժում։ Գալստյանի պնդմամբ՝ Ամուլսարի հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը ցանկացած առիթ օգտագործում է՝ իրենց դեմ տեղեկատվական արշավ իրականացնելու համար։

Տիգրան Ավինյանի գրասենյակից դեռևս չեն մեկնաբանում փոխվարչապետի դեմ ներկայացված հայցը՝ պատճառաբանելով, որ դեռ այն չեն ստացել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG