Մատչելիության հղումներ

Էդգար Շաթիրյանը պնդում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հեռանալու պատճառը նախագահ չընտրվելը չէ


Էդգար Շաթիրյանը զրուցում է «Ազատության» հետ, 27-ը նոյեմբերի, 2019թ. Երևան
Էդգար Շաթիրյանը զրուցում է «Ազատության» հետ, 27-ը նոյեմբերի, 2019թ. Երևան

«Ինձ առաջադրած քաղաքական ուժին թիրախավորելը արդար չեմ համար», - «Ազատությանն» ասաց նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ չընտրվելուց հետո անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Էդգար Շաթիրյանը: Նրան այդ պաշտոնին առաջադրել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը:

Երեկ հանձնաժողովը հինգ հնարավորից 4 կողմ ձայնով նախագահ ընտրեց ընդդիմադիր ուժի կողմից առաջադրված իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանին: Ինքնառաջադրված, բայց չընտրված Շաթիրյանը պնդում է, թե հեռանալը կապ չունի նախագահ չընտրվելու հետ:

«Խնդիրը, բնավ, իմ՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում չընտրվելու հանգամանքը չէ, եթե անկեղծ լինեմ, ի սկզբանե շատ մեծ ակնկալիքներ չունեի այս առնչությամբ, և էլ ավելի աբսուրդային են այն ենթադրությունները, թե ինձ առաջադրող քաղաքական ուժն ինձ խոստացել էր այսպես ասած՝ այդ պաշտոնը, հետևաբար քանի որ չստանձնեցի, խռովեցի, հեռացա», - նշեց նա։

Էդգար Շաթիրյանը նախկին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ էր, դեռ 2016 թվականին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ընդգրկվել է կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբում, մասնակցել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած և 2017 թվականին ընդունված հակակոռուպցիոն օրինագծերի փաթեթների ստեղծման աշխատանքներին:

Հարցին՝ եթե խնդիրը նախագահ չդառնալու մեջ չէ, այդ դեպքում ինչո՞ւ որոշեց հրաժարական տալ անդամի պաշտոնից, նա պատասխանեց՝ որովհետև 4 դեմ ձայն է ստացել․ - «Առնվազն սա կարող եմ դիտարկել և կարծում եմ՝ մոտեցումս ողջամիտ էր, որ սա անվստահություն էր իմ անձի նկատմամբ, և նման պայմաններում ես առանց վարանելու, այդ պահից սկսած ներքուստ իմ որոշումը արդեն կայացրեցի, ուղղակի նպատակահարմար համարեցի այդ մասին բարձրաձայնել փոքր-ինչ ավելի ուշ՝ ժամեր անց։ Էստեղ խռվելու, նեղանալու, ամբիցիաները չբավարարելու, ինքնասիրահարվածության որևէ խնդիր չկա և չի էլ կարող լինել, համենայն դեպս իմ մարդկային որակներին փոքրիշատե ծանոթ մարդիկ սա կարող են հավաստել։ Ընդամենը խնդիրը թեկնածությանս օգտին զրո կողմ ձայն ստանալն է հանձնաժողովի անդամների կողմից»։

Հինգ անդամներից երկուսն ինքնառաջադրվել էին, իսկ մյուս երեքը՝ ԲՀԿ-ի, կառավարության և ԲԴԽ-ի առաջադրած թեկնածուները, Հայկուհի Հարությունյանին կողմ քվեարկեցին և մեխանիկորեն դեմ՝ Էդգար Շաթիրյանին:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ազատությանը» փոխանցեց՝ Շաթիրյանին առաջադրելուց առաջ նրա հետ նախագահ դառնալու հարց չի քննարկվել և չէր էլ կարող քննարկվել. «Հրաժարվել է զբաղեցնել հանձնաժողովի անդամի կարգավիճակը, ուրեմն կարծում եմ՝ նա պարզապես պատրաստ չի եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատել»։

Լիլիթ Մակունցի խոսքով, նոր թեկնածուի հարցը խմբակցությունում դեռ չի քննարկվել։
Օրենքով սահմանված կարգով Շաթիրյանը հրաժարականի գրավոր տեքստը պետք է ներկայացնի հանձնաժողովի նախագահին, իրեն առաջադրած մարմնին, այս դեպքում՝ «Իմ քայլը» խմբակցությանը և ԱԺ նախագահին: Դիմումը ստանալուց հետո ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ և այդ հայտարարությունից հետո յոթօրյա ժամկետում կամ անձը հետ է վերցնում իր դիմումը, կամ կազմվում է նրա լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն:

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ասաց, որ ինքն արդեն դիմումը ստացել է: Նա նաև տեղեկացրեց, որ մինչև նոր անդամի ընտրությունը հանձնաժողովի աշխատանքները բնականոն կերպով կշարունակվեն։

XS
SM
MD
LG