Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների համար նախատեսված են «անձեռնմխելիության որոշակի ատրիբուտներ»


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 19-ը նոյեմբերի, 2019թ․
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 19-ը նոյեմբերի, 2019թ․

Ազգային ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հինգ անդամների ընտրությունից հետո նորաստեղծ ինքնավար մարմնի հաջորդ քայլը նախագահի ընտրություն է, պարզաբանեց հանձնաժողովի անդամ, իշխող «Իմ քայլի» կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանը։

Հանձնաժողովի 35 հաստիքից բաղկացած աշխատակազմն էլ կհամալրվի արդեն հաջորդ տարի, մինչ այդ ինքնավար մարմինը կգործի այն հաստիքներով, որոնք նախատեսված են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համար:

Օրենքով հանձնաժողովի նախագահի համար նախատեսված է ավելի քան 900 հազար դրամ աշխատավարձ, անդամներն էլ կստանան մոտ 800 հազար:

«Եթե Ձեզ այս պաշտոնում առաջադրել և ընտրել է քաղաքական մեծամասնությունը, Դուք կաշկանդված չե՞ք լինելու նրանց առնչվող կոռուպցիոն դեպքերն ուսումնասիրելիս», - այս հարցին Շաթիրյանն արձագանքեց․ - «Հանձնաժողովի անդամների մասով նախատեսված են նաև անձեռնմխելիության որոշակի ատրիբուտներ, մասնավորապես՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա, և այս համաձայնությունը կարող է տրվել միայն հանձնաժողովի կողմից»:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ու հիշեցրել, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքն ընդունվել էր դեռ 2017 թվականին: Հեղափոխությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած փոփոխություններով հանձնաժողովի ձևավորման կարգը ենթարկվեց էական փոփոխությունների, մասնավորապես՝ մրցութային հանձնաժողովը վերացվեց և, ըստ Հովհաննիսյանի, ներդրվեց «ամբողջովին քաղաքական գործընթաց»: Ինքնավար հանձնաժողովի անդամներին գործող օրենքով առաջադրում են Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, իշխող խմբակցությունը և երկու ընդդիմադիր խմբակցություններ:

Պատասխանելով քննադատություններին՝ Շաթիրյանն ասաց, որ նախորդ տարվա ապրիլին այդքան բարձրաձայնվող մրցութային խորհուրդը ձևավորվեց, բայց այդպես էլ չկազմավորեց հանձնաժողով: «Անընդհատ ասում ենք՝ մրցութային հիմունքներ, միջազգային չափանիշներ: Լավ, հասկացանք: 2018 թվականից հնարավորություն կար, 18 թվականի գարնանից, ձևավորել մրցութային խորհուրդ՝ խոսքս վերաբերում է թե՛ նախորդ գումարման, թե՛ այս գումարման Ազգային ժողովներին: Նախորդ գումարման Ազգային ժողովի գործունեության պայմաններում, նախորդ տարվա հունիս ամսին այդ մրցութային խորհուրդը, որի մասին այդքան սիրում են բարձրաձայնել, քավ լիցի, չեմ անձնավորում, երևույթի մասին եմ խոսում՝ ի՞նչ արեց այդ մրցութային խորհուրդը իր գործունեության արդյունքներով: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց իրողությունն այն է, որ խորհրդի գործունեության արդյունքներով կանխարգելման մարմինը չկազմավորվեց», - ընդգծեց Էդգար Շաթիրյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը»՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, և Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ երեկ ընտրվեցին խորհրդարանի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG