Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցչի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություններով միտումնավոր ձգձգում է դատավարությունը: Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանները, իրենց հերթին, դժգոհ են դատավարության ընթացքից:
Սեդա Սաֆարյանը և Արամ Վարդևանյանը Հրայր Թամրազյանի «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրերն էին:
Ստորև՝ հատվածներ հարցազրույցներից․
«Չի կարելի դատական նիստը քաշքշել այսքան»
Սեդա Սաֆարյան․ - Ամբողջ խնդիրը նա է, որ, այո, որդեգրել են դատական նիստը ամեն գնով ձգձգելու քաղաքականություն, և առայժմ նրանց հաջողվում է այդ հաջողությամբ իրագործել: Սակայն պետք է միջոց ձեռնարկել, որպեսզի կանգ առնեն այս իրավունքի չարաշահման դրսևորումների հետ կապված, որովհետև ամեն անգամ նույն դատավորին նույն հիմքով, կամ հիմքերից մեկը դիտավորյալ չներկայացնելով, հետագայում այդ մյուս հիմքը շահարկելով չի կարելի դատական նիստը քաշքշել այսքան և հաշվի չառնել նաև տուժողի՝ օրենքով պաշտպանվող շահերը:
Այս տեսանկյունից, կարծում եմ, որ տուժող կողմը պետք է քննարկի այս ամենի դեմն առնելու՝ օրենքով նախատեսված եղանակները, որովհետև, կարծում եմ, որ էստեղ միայն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների խնդիրը չէ՝ այստեղ նաև գործում է միասնական պաշտպանություն ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի, որովհետև էնպիսի տպավորություն է, որ և՛ Խաչատուրովի, և՛ Արմեն Գևորգյանի պաշտպանները և Սեյրան Օհանյանի պաշտպանները բացահայտորեն պաշտպանության տակ են առել Ռոբերտ Քոչարյանին, հատկապես կալանքների քննարկման ժամանակ է դա էդ դրևորումը ստանում:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի անձը էնպիսին է, որ էդ պարտավորվածության զգացողությունը էնպես չի, որ կամովին են վերցրել, և դա շատ բացասաբար է անդրադառնում գործի քննության ընթացքի վրա, որովհետև պարտադիր չէ, որ չորս պաշտպաններն էլ, ասենք, էդ բացարկը, էդ կալանքի վերաբերյալ դիրքորոշումներում ունենան միասնական դիրքորոշում, ինչը մենք նկատում ենք այս գործով, իսկ դա խոսում է այն մասին նաև, որ պաշտպանական թևը միասնական է և ավելի շատ հակված է Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանելուն:
Եվ մասնավորապես ուզում եմ մի դրվագ հիշեցնել, երբ որ Խաչատուրովի պաշտպանը գտավ, որ խտրական վերաբերմունք է դրսևորվել, որ ինչու պետք է այն երեք ամբաստանյալները ազատության մեջ լինեն, Ռոբերտ Քոչարյանը հայտնվի կալանքի տակ:
Այս տեսանկյունից, հասկանում ես, որ բանը հասել է նրան, որ իրենց պաշտպանյալների վիճակը վատթարացնող հայտարարությունների գնով անգամ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու ցանկությունը շատ մեծ է: Եվ կարծում եմ, որ առաջիկայում մենք էլի կունենանք էսպիսի դրսևորումներ, ինչը վտանգավոր եմ տեսնում դատաքննության ողջամիտ ժամկետների խախտման առումով և կարծում եմ, որ նաև դատարանը, ինքը դատավորը պետք է միջոց ձեռնարկի՝ այս հարցերը շատ արագ լուծելու և դատաքննության բուն պրոցեսին անցնելու:
«Բա ի՞նչ պետք է լինի, երբ կա կալանք, որը անհիմն է, ապօրինի է»
Արամ Վարդևանյան․ - Չեմ հասկանում՝ որտեղից է աղբյուրը գալիս նման հետևության կամ նման պնդման, որ բացարկը կամ ինքնաբացարկը կամ կալանավորման հարցի բարձրացումը դա դատավարություն չէ: Դա հենց դասական դատավարության բաղադրիչներից մեկն է, կարևորագույն նախապայմաններից մեկն է: Ասեմ ավելին՝ եթե դուք մի օր հանդիպեք մի դատավարություն, որտեղ չլինի ինքնաբացարկի հարց և չլինի բացարկի հարց, դա արդեն իսկ կլինի օրենքով չստեղծված դատարան և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի կոպտագույն խախտում:
Բայց էստեղ մեկ այլ հանգամանք կա՝ իսկ արդյո՞ք այն հանգամանքը կամ իրավիճակը, երբ, ենթադրենք, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը չէ, այլ հենց տուժողներից մեկը, ձեռքը պարզելով դեպի պաշտպանական կողմ, ներկայացնում է, որ բոլորը հանցագործներ են, և այդ ժամանակ դատավորը իրեն չի ընդհատում, Դուք գիտեք, չէ՞, որ հենց օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության դատավարության կողմերից յուրաքանչյուրի նկատմամբ նման արտահայտությունը հենց դիտարկում է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ՝ ոչ թե հենց կողմի միայն, այլ նաև հենց դատավորի, և դատավորը չի ընդհատում այդ պահին:
Ես կարծում եմ, որ հենց այ սա է դատավարության խնդիրը, ես կարծում եմ, որ հենց այդտեղ է խնդիրը, և այդ խնդիրները պետք է լուծվեն, բայց նախագահողը այդ խնդիրը չի լուծում:
Այս իրավիճակն է, որ պետք է քննադատողական գնահատականի արժանանա, իսկ իրավունքների իրացումը որ քննադատության արժանանա՝ սա աննախադեպ է, այդպես չի կարող լինել Եվրոպայի խորհրդի անդամ երկրում, երբ որ կողմերից մեկը իր՝ օրենքով նախատեսված իրավունքի իրացումը դիտարկվի որպես քննադատելի մի երևույթ: Բա ի՞նչ պետք է լինի, երբ կա կալանք, որը անհիմն է, ապօրինի է, այսինքն՝ ի՞նչ պետք է այդ ժամանակ արվի:
Օրինակ՝ ինչի՞ այդ հարցը չի տրվում դատախազներին, թե էդ ինչպե՞ս է լինում, որ դատաքննության արդեն փուլում, երբ արդեն բոլոր ցուցմունքները կան, վերջիններս մինչև վերջ պնդում են, որ կալանքը անպայման պահպանվի: Իսկ ինչի՞ այդ նույն հարցերը չեն հասցեագրվում Դատախազությանը, երբ վերջիններս 18 թվականի հունիս ամսից մինչ օրս նույն նախադասությունն են արտաբերում կալանավորման հետ կապված, նույն նախադասությունը: Եվ ավելին՝ նույնիսկ հստակ և, այսպես, խրոխտ ձայնով արձանագրում են, որ չկա ոչ մի փաստական տվյալ, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը կամ քննությանը, ասում են՝ դա հիպոթետիկ պնդում է:
Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, նա կալանքի տակ է հունիսի 25-ից: Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի նոյեմբերի 24-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․