Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյան․ Երկրորդ նախագահի պաշտպաններն ամեն կերպ փորձում են հետաձգել բուն դատաքննությունը


Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան
Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ամեն ինչ անում են՝ Մարտի 1-ի գործով բուն դատաքննությունը հետաձգելու համար։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին անդամի խոսքով, երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու ու մյուս միջնորդությունները պաշտպանները հենց այդ նպատակով են ներկայացնում․ - «Հետո իրենց ազդեցության տակ գնտվող ինչ-որ կայքեր, հեռուստաընկերություններ անընդհատ ասում են՝ բա խի՞ չի սկսվում դատաքննությունը: Հարցրեք փաստաբաններին՝ ինչի՞ չեն թողնում, որ սկսվի դատաքննությունը: Վերջին հաշվով, այս անընդհատ տեղապտույտը խափանման միջոցը փոխելու շուրջ, ամեն ինչն արվում է, որպեսզի դատաքննությունը մի օր էլ հետաձգեն, երկու օր, մեկ շաբաթ: Ի՞նչ են սպասում․․․ միայն ենթադրել կարելի է»:

Անդրանիկ Քոչարյանն անհրաժեշտություն է համարում, որ Մարտի 1-ի գործով բուն դատաքննությունը սկսվի, որպեսզի հանրությանը պարզ լինի, թե ինչ է իրենից ներկայացնում այդ գործը․ - «Առավոտից իրիկուն ասում են, որ էնտեղ գործ չկա, ջուր ա․․ Բա որ ջուր ա, թողեք տեսնենք էդ ջուրը ուր ա հոսում: Ջրի հոսքը կանգնեցրել եք, շեղել եք, սառեցրել եք և հիմա մեղադրում եք առավոտից իրիկուն: Բա 70 հատորի մեջ ի՞նչ ա, դատա՞րկ թղթեր են»։

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե իրենք ամեն ինչ անում են՝ հետաձգելու դատաքննությունը:

Ավելին՝ Խուդոյանը վստահեցնում է, որ այդ գործողությունները դատաքննության մի մասն են. որոնք պետք է սպառեն, հետո միայն անցնեն ապացույցների հետազոտմանը․ - «Եթե դա որոշակի առումով կարող է դժգոհություն առաջացնել, թե ինչու ապացույցները չեն հետազոտվում, պետք է այդ դժգոհ անձնանց ուշադրությունը հրավիրենք, որ հակառակ կերպ պրոցեսը չի կարող սկսվել»։

Քոչարյանի պաշտպանները միայն այս ընթացքում արդեն երկու անգամ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին: Երկրորդ միջնորդությունը մերժվեց նոյեմբերի 12-ին։

Նույն օրը պաշտպանները մեկ այլ ինքնաբացարկի միջնորդություն էլ ներկայացրին Քոչարյանի և մյուսների մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազ Պետրոս Պետրոսյանին:

Հովաննես Խուդոյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի ընթացքում պնդեց, իրենք այդ միջնորդությունները ներկայացնում են այլ նպատակով․ - «Միակ խնդիրը իրավական, որ մենք հիմա փորձում ենք լուծել, մեր վստահորդի ապօրինի ազատազրկումը վերացնելն է և դրան ուղղված գործողությունները, որոնց համատեքստում նաև դատավարության մասնակիցների գործով մասնակցության հարցի քննարկումը, այսինքն՝ եթե մենք տեսնում ենք խնդիր, որ դատավորը չի կարող մասնակցել, կամ դատախազը չի [կարող] մասնակցել, պետք է բարձրաձայնենք»:

Դատարանը վաղը կշարունակի քննել դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

XS
SM
MD
LG