Մատչելիության հղումներ

Հասան Ռոհանին հայտարարել է «թշնամական դավադրությանը հաղթելու» մասին


Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ, 20-ը նոյեմբերի, 2019թ., Թեհրան
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ, 20-ը նոյեմբերի, 2019թ., Թեհրան

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է «թշնամական դավադրությանը հաղթելու» մասին: Հեռուստատեսությամբ հեռարձակված կառավարության նիստի ընթացքում նա այդկերպ է մեկնաբանել երկրում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք հաջորդել են վառելիքի գների բարձրացմանը:

«Իրանի ժողովուրդը կրկին փորձություններով է անցել և ցույց տվել, որ թույլ չի տա թշնամիներին օգտվել ստեղծված իրավիճակից»,- ասել է նախագահ Ռոհանին՝ հավելելով, որ մարդիկ իշխանություններից դժգոհելու իրավունք ունեն: Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել են նաև մի շարք քաղաքներում կառավարամետ հանրահավաքների մասին:

Բողոքի ցույցերի մեկնարկից հետո, որոնց ընթացքում մի շարք քաղաքներում ոստիկանների հետ բախումներ են տեղի ունեցել, ինչպես նաև հարձակման փորձեր բանկերի և պետական կառույցների վրա, Իրանի իշխանությունները երկրում արգելափակել են ինտերնետի հասանելիությունը, ինչի պատճառով տեղի ունեցող իրադարձությունների մասին ստացվող լուրերը կցկտուր էին: Իշխանությունները հավաստիացնում են, թե ցուցարարները ցրվել են:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, վկայակոչելով ականատեսներին և ակտիվիստներին, հայտնում է, որ ցույցերը ցրելու ընթացքում ավելի քան 20 քաղաքներում սպանվել է առնվազն 106 մարդ, շուրջ 1000 հոգի ձերբակալվել է: ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնում են «տասնյակ» զոհերի մասին: Պաշտոնական Թեհրանը հերքում է այդ թվերը՝ չհստակեցնելով, սակայն, սեփական վիճակագրությունը:

XS
SM
MD
LG