Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով


Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան, արխիվ

Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է՝ այս գործը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այն հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: Պատգամավորը պնդում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը յուրացրել է պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:

Հատուկ քննչական ծառայությունը մանրամասնում է՝ իշխանությունը յուրացնելու առթիվ հարուցված գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ պաշտոնատար անձինք Գագիկ Հարությունյանի կողմից Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:

Հրայր Թովմասյանը Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել 2018 թվականի մարտի 21-ին։ Այդ պաշտոնը նրանից առաջ զբաղեցնում էր Գագիկ Հարությունյանը:

Մոտ երկու շաբաթ առաջ իրավապահներին դիմած Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը նրանց ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը մանդատից հրաժարվելու դիմում չի գրել: Բացի այդ, պնդել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, և դրա մաս են դարձել Ազգային ժողովի այժմ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը։ Ըստ պատգամավորի, Հանրապետականի հետ համագործակցությամբ ամեն ինչ արվել է, որպեսզի Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ՝ մինչև 2015-ին փոփոխված Սահմանադրությունն ամբողջությամբ ուժ մեջ մտնելը, որպեսզի պաշտոնավարի ոչ թե 6 տարի, այլ մինչև 70 տարեկանը։ Հենց այդ նպատակով էլ, ըստ Բաբաջանյանի, իր լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտ հրաժարական է տվել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արսեն Բաբայանի ձերբակալմանը, գրել է, որ սա հերթական անհեթեթ մեղադրանքն է։

Արսեն Բաբայանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակվել էր 2018-ի մարտի սկզբին, իսկ դրանից առաջ՝ 2014 թվականից զբաղեցնում էր խորհրդարանի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնը։

XS
SM
MD
LG