Մատչելիության հղումներ

Փաշինյան․ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում շատ մոտ ենք մի կարևոր ճեղքման


«Միացյալ Նահանգների հետ մեկնարկել է ռազմավարական երկխոսություն, և կան բոլոր նշանները արձանագրելու, որ ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերություններում շատ մոտ ենք մի կարևոր ճեղքման», - երեկ ելույթ ունենալով Փարիզում ի պատիվ Հայաստանի վարչապետի և նրա տիկնոջ տրված ընդունելության ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ վարչապետն ընդգծել է, որ շոշափելի հաջողություններ կան․ - «Վերջին մեկուկես տարվա ընթացքում բոլորդ էլ ականատես եք եղել. որոշակի հոռետեսական գնահատումներ են հնչել, օրինակ, հայ-ռուսական հարաբերություններում: Կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կա լիարժեք փոխըմբռնում մեր հարաբերությունների, բովանդակության, ռազմավարության ներկայի և ապագայի վերաբերյալ: Եվ հույս ունեմ որ Ռուսաստանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները հիմա արդեն ակնհայտ են դարձնում այդ իրողությունը: Եվրոպական միության հետ հարաբերություններում մենք մեծ խնդիրներ չենք ունեցել և այսօր էլ չունենք: Հայ-վրացական հարաբերությունները, թույլ տվեք պնդել, երբեք ավելի բարձր մակարդակի չեն եղել: Իրանի հետ ունենք լիարժեք փոխըմբռնում, ԱՄՆ-ի հետ մենք մեկնարկել ենք ռազմավարական երկխոսություն, և կան բոլոր նշաններն արձանագրելու, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում նույնպես շատ մոտ ենք մի կարևոր ճեղքման»:

Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել, թե ինչ կարևոր ճեղքման մասին է խոսքը:

Հավելենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին օրերս հայտարարեց, որ 2019 թվականին Միացյալ Նահանգները 60 միլիոն դոլար աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, ինչը 40 տոկոսով ավելի է, քան անցած տարի:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Փաշինյանը ասել է, որ այդ հարցում առկա է բոլորովին նոր ասելիք ու բովանդակություն, և երբ ինքը ստանձնել է վարչապետի պաշտոնը, զարմանք է ապրել՝ տեսնելով, որ միջազգային հանրությունը կորցրել է ղարաբաղյան հարցի բովանդակության մասին պատկերացումը, քանզի հարցը համատարած ներկայանում է որպես տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, սակայն նախորդ մեկուկես տարում հաջողվել է ներկայացնել հարցի իրական բովանդակությունը, ինչն արդեն ընկալվում է միջազգային հանրության կողմից․ - «Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են հարյուր տոկոսով: Այսպիսի իրավիճակ չի եղել երբեք, մենք երբեք չենք ունեցել մի իրավիճակ, երբ Հայաստանի ու Արցախի իշխանությունների պատկերացումները մինչև վերջին նյուանսը հարյուր տոկոսով նույնական լինեն»:

Ի դեպ, Փաշինյանը տեղեկացրեց, որ գալիք տարի Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վարչապետը գոհ էր Մակրոնի հետ բանակացություններից, և հայտարարեց, որ հույս ունի, որ արդեն այս տարի Եվրամիության հետ կսկսվեն վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները․ - «Վիզաների հետ կապված կա այսպիսի մի կարևոր վիճակագրություն, որ անցած տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո Եվրամիության տարածքում ապաստան խնդրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60 տոկոսով: Եթե վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսվեն այս տարի, իսկ մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա, վերջնական լուծման համար որոշ ժամանակ կպահանջվի»:

Անդրադառնալով Հայաստանի ներքին զարգացումներին՝ վարչապետն ընդգծեց, որ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը, ժողովրդի իշխանությունը այլընտրանք չունեն․ - «Իմ կարծիքով, մենք հիմա ընթանում ենք մաքսիմալ արագությամբ: Ընդամենը մի տարվա ընթացքում Հայաստանի բյուջեն աճել է 20 տոկոսով, մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում էականորեն աճել են զինվորականների աշխատավարձերը: Այս տարի Հայաստանում կառուցվել են, վերանորոգվել են այնքան ճանապարհներ, որքան վերջին անգամ վերակառուցվել են, կառուցվել են Քըրք Քըրքորյանի տրամադրած միջոցների հաշվին: Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում ձեռք է բերվել այնքան սպառազինություն, զենք-զինամթերք, ինչքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում: Հայաստանում բարձրացել են ուսուցիչների աշխատավարձերը: Հունվարի 1-ից բարձրանում են թոշակները, բարձրացել են հրշեջների աշխատավարձերը, բարձրացել են անտառապահների աշխատավարձերը: Հայաստանում համարյա լուծվել է անտառների ոչնչացման խնդիրը: Հայաստանի միջազգային պահուստների ծավալները տարվա վերջում ավել կլինեն մոտավորապես մեկ միլիարդ դոլարով: Հայաստանը առաջընթաց է ապրել տնտեսական բոլոր ռեյտինգներում, խոսքի ազատության բոլոր ռեյտինգներում, ժողովրդավարության բոլոր ռեյտինգներում»:

Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Ֆրանսիա ավարտվել է, վարչապետը մասնակցել է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին:

XS
SM
MD
LG