Մատչելիության հղումներ

Փաշինյանն ակնկալում է, որ Ալիևը կկրկնի իր հայտարարությունը


Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում, 12-ը նոյեմբերի
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում, 12-ը նոյեմբերի

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են եղել նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Վարչապետ Փաշինյանը Խաղաղության ֆորումին ներկայացրել է արցախյան հակամարտության պատմությունը։ Փաշինյանը շեշտել է՝ կոնֆլիկտը, դժբախտաբար, հանգուցալուծված չէ, Ադրբեջանը հրաժարվում է ուղիղ բանակցությունների մեջ մտնել Արցախի ժողովրդի հետ՝ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով. «Բայց մյուս կողմից Ադրբեջանի իշխանությունը պնդում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, սա շատ տարօրինակ փաստ է, սա նշանակում է, որ նրանք ուզում են տարածքներ առանց մարդկանց։ Արցախի ժողովուրդը գիտի, որ ինքը Ադրբեջանի կազմում անվտանգության երաշխիք չի ունենա», - ասել է նա:

Որպես անվտանգության երաշխիքի բացակայության հիմնավորում Նիկոլ Փաշինյանը մի շարք դեպքեր է շարել, երբ հայկական ազգանունը Ադրբեջան մտնելու համար խոչընդոտ է դարձել, օրինակ՝ «Բլումբերգ» գործակալության հայազգի թղթակիցը, «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված միջադեպը, ադրբեջանցի վարորդը նույնիսկ ձերբակալվել էր հայկական երաժշտություն լսելու համար։

Վարչապետ Փաշինյանը համաժողովի ամբիոնից Ադրբեջանի իր գործընկերոջը՝ նախագահ Ալիևին, հրավիրել է կրկնելու այն, ինչ ինքն է ասել Հայաստանում. Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ «Ալիևը կարող է առաջինը Ադրբեջանի ժողովրդին նշել», - ասել է Փաշինյանը, ապա շարունակել.

«Ես նրանից նույն հայտարարությունն եմ ակնկալում, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի ժողովուրդների համար։ Եթե նրանից նման հայտարարություն լսենք, սա կնշանակի, որ մենք ունենք ճեղքում բանակցային ողջ գործընթացում»։

Ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանին հարց է ուղղել ադրբեջանցի մի բլոգեր՝ հայտնելով, որ ծնվել է Վարդենիսում։ Նա մի քանի հարցերի շարքում նաև անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, հարցրել՝ ինչպե՞ս է այն դիտվում խաղաղության համատեքստում։ Հայաստանի վարչապետը հիշեցրել է պաշտոնական Բաքվի հայտարարությունները, թե Զանգեզուրը, նույնիսկ անկախ Հայաստանի մայրաքաղաք Երևանը, Սևանա լիճը ադրբեջանական են։

«Ինչո՞ւ ենք մենք նման հայտարարություն անում, որովհետև չենք ուզում վախկոտի տպավորություն թողնել։ Ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել ուժի դիրքերից։ Մեր առաջարկը խաղաղությունն է։ Մենք որևէ մեկին չենք սպառնում մեր տարածաշրջանում։ Եվ մենք կարող ենք պատրաստել Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդներին այդ խաղաղությանը։ Մենք մեր խաղաղության առաջարկն ենք անում Ադրբեջանին, և ես անձամբ պատրաստ եմ երկխոսություն սկսել ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության, այլև Ադրբեջանի բնակիչների հետ, որովհետև կարծում եմ՝ մենք քննարկելու շատ բան ունենք», - ի պատասխան ասել է Փաշինյանը։

Վարչապետին ուղղված այլ հարցեր չեն հնչել, քանի որ Փաշինյանը շտապել է Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը։

Մինչև համաժողովի բացումը վարչապետ Փաշինյանը խորհրդանշական գիրք է փոխանցել համաժողովի գրադարանին՝ Օսմանյան կայսրությունում հայկական մարզական ակումբների պատմությունն ամփոփող՝ Հայկ Դեմոյանի մենագրությունը՝ 600 արխիվային լուսանկարներով։

Վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Փարիզում է երեկվանից՝ մասնակցելու խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետը ժամանել է Ելիսեյան պալատ, այստեղ նրան դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Պալատում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների։

Պաշտոնական այս ընդունելությանը մասնակցել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը։

Փարիզ այցի շրջանակում նախատեսված է նաև վարչապետի և նրա տիկնոջ այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, և նրանց մասնակցությունը 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Այստեղ ևս Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա։ Ծրագված են նաև հանդիպումներ Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։

Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Մակրոնի հետ, քննարկել հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հրատապ հարցեր։

XS
SM
MD
LG