Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Համաժողովի բացմանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Չինաստանի փոխնախագահ Վանգ Քիշանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Այնուհետև, վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին է հանձնել խորհրդանշական նվեր` Հայկ Դեմոյանի «Le Sport» գիրքը, որը պատմում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարզական ակումբների մասին:

Անդրադառնալով գրքին` Փաշինյանը նշել է, որ հրաշալի պատմական լուսանկարների միջոցով այն պատմում է 1915 թվականի ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած մարզական ակումբների և մարզական նվաճումների մասին: Գրքում կարելի է տեսնել հայ մարզիկների լուսանկարներ` տղամարդիկ և կանայք, ովքեր զբաղվում էին սպորտով, գովազդներ, որոնք կանանց խրախուսում էին վարժանքներ անել և սպորտով զբաղվել: Եվ դա տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, մի հասարակության մեջ, որը ավելի քան պահպանողական էր կանանց սոցիալական և ֆիզիկական գործունեության հարցում: Ի հեճուկս այդ ամենի, հայերը հիմնել են մարզական ակումբներ, որոնք նպաստում էին քրիստոնյաների և գերիշխող մահմեդական համայնքների միջև խաղաղությանն ու խաղաղ գոյակցությանը:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է համաժողովի շրջանակում բացված IDEA հիմնադրամի տաղավար, որտեղ ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին` հիմնադրամի գործունեությանը, այդ թվում` «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության մասին պատմող նյութերին: Տաղավարում ներկա էր նաև «Ավրորա»-ի մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինան:

XS
SM
MD
LG