Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳ նախարարի Ռուսաստան այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է փոխանցել ՌԴ դեսպանին


Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկով, արխիվ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկով, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները արտաքին գործերի նախարարություն են հրավիրել Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին, և նրան բողոքի նոտա է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի, ինչպես նաև Լեռնիկ Հովհաննիսյանի Ռուսաստան այցելելու կապակցությամբ:

Չորեքշաբթի օրը փոխանցված բողոքի նոտայի ձևակերպումներով՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական միավորման այսպես կոչված ներկայացուցիչների այցը Ռուսաստանի Դաշնություն և նրանց հանդիպումները Ռուսաստանի մի շարք փորձագետների ու գիտական կենտրոնների աշխատակիցների հետ ծառայում են Հայաստանի կողմից 30 տարի իրականացվող փորձերին՝ ամրապնդելու ստատուս քվոն ու շարունակելու Ադրբեջանի հողերի օկուպացիան»:

Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, թե նման այցերը սադրիչ բնույթ են կրում և ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ: «Այդ կապակցությամբ արտգործնախարարությունը ռուսական կողմին ներկայացրել է իր դիրքորոշումն առ այն, որ նման այցերը վնաս են հասցնում բանակցային գործընթացին և ստվեր են գցում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունեցող անկեղծության ոգու ու մեծ վստահության վրա, ինչպես նաև չեն համապատասխանում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև 1997 թվականի հուլիսի 3-ին ստորագրված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրին», - նշված է բողոքի նոտայում:

Պաշտոնական Բաքուն իր անհամաձայնությունն է հայտնել, որ նման այցերը ռուսական կողմը սովորաբար գնահատել է որպես մասնավոր այցեր: «Չնայած ռուսական կողմի բազմաթիվ հայտարարություններին, որոնք նման բնույթի այցերը դիտարկում են որպես մասնավոր, անջատական ռեժիմի իշխանության մարմինների ներկայացուցիչները շարունակում են Ռուսաստանի տարածքն օգտագործել՝ ամրապնդելու համար Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի հետևանքները», - բողոքել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Այս ամենից բացի, պաշտոնական Բաքուն նաև գտնում է, որ Ղարաբաղի ներկայացուցիչների այցելությունները Ռուսաստան և նրանց հանդիպումների հնարավորություն ընձեռելը չեն համապատասխանում Ռուսաստանի միջնորդական պարտականություններին՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ:

«Ադրբեջանական կողմը դեսպան Բոչարնիկովի ուշադրությունն է հրավիրել իր ակնկալիքների վրա, որ ռուսական կողմն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի նման անօրինական այցերը կանխելու համար», - նշված է դեսպանին փոխանցված բողոքի նոտայում:

Բողոքի նոտան Ռուսաստանի դեսպանին է փոխանցել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը: Այդ հանդիպմանը դեսպան Բոչարնիկովն ասել է, որ հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը շատ լավ հայտնի է ու չի փոխվել: Նրա խոսքով՝ չճանաչված սուբյեկտների ներկայացուցիչների ցանկացած այցերը Ռուսաստան չեն արտահայտում երկրի պաշտոնական դիրքորոշումը: Դեսպանը նաև հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությանը կզեկուցի ադրբեջանական կողմի բողոքի մասին:



XS
SM
MD
LG