Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում


Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան, արխիվ

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ որպես հիմնական բանախոս, չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը՝ նվիրված Արցախի անկախությանը։

Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ու Արցախի մշտական ներկայացուցչության, ինչպես նաև Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի համատեղ ջանքերով։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել միջոցառմանը ներկա կոնգրեսականներին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին սատարելու համար, որը նախօրեին ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից:

Իր ելույթում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախում պետականաշինության, Արցախի միջազգային ճանաչման ու միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Միջոցառմանը ելույթ ունեցած կոնգրեսականները վերահաստատել են իրենց հաստատակամությունը՝ սատարելու Արցախի անվտանգության ամրապնդմանը և միջազգային ճանաչմանը։

Կոնգրեսի անդամներ Բրեդ Շերմանը և Ֆրենկ Փալոունը հանդիսավոր կերպով Մասիս Մայիլյանին են փոխանցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 296 բանաձևի կրկնօրինակը։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչները։

Հիշեցնենք՝ Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ է մեկնել շաբաթասկզբին, այցի ընթացքում հանդիպումներ են անցկացվում կոնգրեսականների և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հետևող փորձագետների հետ: Երեկ հաղորդվեց, որ պատվիրակությունը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից։

Պաշտոնական Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին Արցախի պատվիրակության ԱՄՆ այցի առնչությամբ և հայտարարել է, թե պատրաստվում է նաև բողոքի նոտա ուղարկել Պետքարտուղարություն:

XS
SM
MD
LG