Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների հետ


Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան, արխիվ

Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակում Արցախի պատվիրակությունը՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ, առանձին հանդիպումներ է ունեցել հայ-ամերիկյան օրակարգին առնչվող ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովների ղեկավարների և անդամների հետ։

Մայիլյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների օրենսդիրների հաստատուն աջակցությունը Արցախի ժողովրդի շարունակական պայքարին՝ հանուն ազատության, խաղաղության և հայրենի հողում արժանապատիվ կյանքի, ասված է Արցախի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շահերի առաջմղմանն ուղղված հեռանկարային նախաձեռնությունների շուրջ։ Երկուստեք կարևորվել է Արցախում ԱՄՆ աջակցությամբ մարդասիրական ծրագրերի շարունակականության ապահովումն ու ընդլայնումը, ինչպես նաև նոր՝ զարգացման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Կոնգրեսականների խնդրանքով Մասիս Մայիլյանն անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին ու հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում ԱՄՆ կոնգրեսականները վերահաստատել են, որ կշարունակեն աշխատել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ապահովման ուղղությամբ։

Կոնգրեսի անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել ջանքերը՝ միտված Արցախի ապամեկուսացմանը և կայուն զարգացմանը։

Հիշեցնենք՝ Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ է մեկնել շաբաթասկզբին, այցի ընթացքում հանդիպումներ են անցկացվում կոնգրեսականների և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հետևող փորձագետների հետ: Չորեքշաբթի օրը նա ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը՝ նվիրված Արցախի անկախությանը։ Պատվիրակությունը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից։

Պաշտոնական Բաքուն բողոք է հղել Վաշինգտոնին Արցախի պատվիրակության ԱՄՆ այցի առնչությամբ և հայտարարել է, թե պատրաստվում է նաև բողոքի նոտա ուղարկել Պետքարտուղարություն:

XS
SM
MD
LG