Մատչելիության հղումներ

Մարության․ Քաղաքապետարանը լիովին պատրաստ է «Սանիթեք»-ի հարցով արբիտրաժին


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը զրուցում է լրագրողների հետ, 19-ը հոկտեմբերի, 2019թ․
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը զրուցում է լրագրողների հետ, 19-ը հոկտեմբերի, 2019թ․

Քաղաքապետարանը ունի բոլոր ապացույցներն այն մասին, որ «Սանիթեք» ընկերությունը պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով «Սանիթեք»-ի սկսած՝ միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացին: Քաղաքապետարանը լիովին պատրաստ է այդ գործընթացին, հավելեց նա:

«Էս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր՝ կապված «Սանիթեք» ընկերության հետ, նախ՝ պարտավորությունների հետ կապված պետության հանդեպ, որովհետև հարկային խնդիրներ ունի, ինչպես տեղեկացա մամուլից մի քանի օր առաջ, նաև շատ ընկերություններ կան, որոնց հետ կապված պարտավորություններ ունի և գումարները չի տվել: Եվ նաև ընդհանուր, ես մեկ անգամ ևս նշել եմ, շատ մեծ մտահոգություն կա, թե ինչպես է ընդհանրապես հայտնվել «Սանիթեք» ընկերությունը հայաստանյան շուկայում, և ընդհանրապես ինչպես է կարողացել հաղթել այդ մրցույթը, որը ինքը հաղթել է, որովհետև այն պատմությունը, որ ինքը ունի իր ետևում՝ որպես ընկերություն, որպես աղբահանող ընկերություն, շատ հարցեր է առաջացնում», - հայտարարեց Մարությանը:

Լրագրողի հարցին՝ «կոռուպցիայի՞ մասին եք ասում, այսինքն՝ կոռուպցիոն ռիսկերի՞ մասին է խոսքը», քաղաքապետն արձագանքեց․ - «Այո, այո»:

Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 3-ին միակողմանի խզեց պայմանագիրը ամիսներ շարունակ մայրաքաղաքի աղբահանությունը թերություններով իրականացրած «Սանիթեք» ընկերության հետ, «Սանիթեք»-ն էլ ի պատասխան հայտարարեց արբիտրաժային դատարան դիմելու մասին։

«Ազատության» դիտարկմանը, թե ավագանու ընդդիմադիրների պնդմամբ՝ քաղաքի հիմնական խնդիրներն անփոփոխ տեղում են, որ այս մեկ տարին այն ժամանակահատվածն էր, որ կարելի էր ներդրման գործընթացը իրականացնել և երկրորդ տարվա մեկնարկին ունենալ արդեն ներդրված տրանսպորտային ցանց, քաղաքապետն արձագանքեց՝ պնդումները իրականության հետ աղերս չունեն, կատարվել և այս պահին էլ շարունակում են աշխատանքներ իրականացվել այս ուղղությամբ:

«Աշխատանքային խումբը, որը ստեղծվել է արդեն տարվա սկզբից, և միջգերատեսչական խումբը, որը կառավարության հետ համատեղ ստեղծվել է, շատ արագ տեմպերով և շատ, էսպես ասեմ, պրոդուկտիվ աշխատում է, և մենք հասել ենք շատ կոնկրետ արդյունքների էս պահին: Բնականաբար, եթե ինչ-որ մեկը ասում է, որ կարելի էր մեկ տարում տրանսպորտային ցանց ներդնել, կներեք, ես լուրջ չեմ վերաբերվում էդ հայտարարություններին», - ընդգծեց Մարությանը:

Մինչ լրագրողների հետ ճեպազրույցը, քաղաքապետը Էրեբունի-Երևանի 2801-ամյակին այսօր «Էրմիտաժ» թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած Միխայիլ Պիոտրովսկու հետ այցելեց «Կարմիր բլուր» հնավայր։

Ի դեպ, այսօր Կարմիր բլուրում Հայաստանի երկրորդ նախագահի աջակիցները քաղաքապետին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը:

«Հաշվի առնելով, որ գրքի գովազդը Դուք արգելում եք բոլոր հնարավոր մեթոդներով, որոշեցինք Ձեզ գիրքը նվիրել, ու սա կլինի նաև գրքի լավագույն գովազդը, որովհետև Դուք որպես հայտնի և սիրված դերասան բազում գովազդներում եք նկարահանվել, նաև այս պահին նկարահանվեցիք այս գրքի գովազդում, ինչի համար շնորհակալ ենք Ձեզ», - ասացին նախկին նախագահի աջակիցները: «Շատ շնորհակալություն», - արձագանքեց Մարությանը:

«Այսօր, որ ճիշտը ասեմ, ոչ մի անակնկալը տհաճ չի, բոլոր անակնկալները ինձ համար շատ լավն են, և բոլոր նվերները, բոլոր նվերները շատ լավն են: Այսօր Երևանի օրն է, և Երևանի օրը ինձ համար ամենակարևոր տոներից մեկն է», - հայտարարեց քաղաքապետը:

XS
SM
MD
LG