Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանում մտահոգված չեն, որ «Սանիթեքը» նախաարբիտրաժային գործընթաց է սկսել


«Սանիթեք» ընկերությունը սկսել է նախաարբիտրաժային գործընթացն ընդդեմ Հայաստանի կառավարության։ Ընկերությունից հայտնում են, որ այդ մասին արդեն իսկ ծանուցել են գործադիրին ու քաղաքային իշխանություններին։

«Սանիթեքի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը տեղեկացրեց, որ ծանուցումներն ուղարկելուց հետո, եթե վեցամսյա ժամկետում բանակցությունների արդյունքում վեճը չլուծվի, արդեն արբիտրաժային հայց կներկայացնեն։

Իսկ թե ինչ են ակնկալում բանակցություններից, ընկերությունից դեռ փակագծերը չեն բացում․ - «Այս պահին, ճիշտն ասած, ոչ մի մեկնաբանություն չեմ կարող անել: Մենք երևի սպասելու ենք արձագանքին, որից հետո կլինեն բանակցություններ։ Բոլորս հուսով ենք, որ մինչև արբիտրաժ դա չի հասնի: Եվ քանի որ ինքը նաև իրավական կողմ պարունակող է, շատ փակագծերը բացել այս փուլում չեմ կարող»:

Դեռ օգոստոսին հրավիրված ասուլիսի ընթացքում «Սանիթեք»-ի տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը երկու առաջարկ արեց. կարճաժամկետով ընկերությունը քաղաքապետարանին առաջարկում է վարձակալության տալ համայնքային աղբահավաք բեռնատարներն ու աղբամանները, իսկ երկարաժամկետով 4 միլիոն դոլարի ներդրում են պատրաստվում անել՝ աղբարկղերի թիվը ավելացնել, աղբահավաք մեքենաների պարկը թարմացնել: Սակայն պայմանով, որ քաղաքային իշխանությունները պետք է պարտավորվեն աղբի կառավարման գործողությունների ծրագիր մշակել, հետ վճարել իրենցից գանձված տուգանքների գումարներն ու վերանայել իրենց պայմանագիրը՝ բարձրացնելով ծառայությունների դիմաց վճարվող գումարը։

Քաղաքապետարանը, սակայն, «Սանիթեքի» առաջարկներն անպատասխան էր թողել, ավելին՝ ամսվա սկզբին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն հայտարարեց «Սանիթեք» ընկերությունների հետ պայմանագրերը միակողմանի խզելու մասին:

Քաղաքային իշխանությունները մտահոգված չեն, որ «Սանիթեքը» նախաարբիտրաժային գործըթնաց է սկսել։ Քաղաքապետի մամուլի խոսնակ՝ Հակոբ Կրաապետյանն ասում է, որ քաղաքապետարանն ամեն ինչ օրենքի սահմանում է արել․ - «Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ իր ուղերձում պայմանագրերը խզելու վերաբերյալ ասաց, որ ամիսներ շարունակ մանրամասն ուսումնասիրվել է իրավապայմանագրային բազան, դրանք համադրվել են փաստական տվյալների հետ, մասնագետների համախումբի աշխատանքի արդյունքում կայացվել է որոշումը: Հաճճեպ և հախուռն որոշումներ չեն կայացվել»:

«Սանիթեքից» ասում են, որ արբիտրաժ են դիմում, քանի որ քաղաքապետարանին ուղղված իրենց առաջարկներն անպատասխան են մնացել։

Հիշեցնենք, «Սանիթեքն» ամբողջությամբ իր աշխատանքները դադարեցրել է օգոսոտսի վերջերից, իսկ մինչ այդ էլ տևական ժամանակ թերի էր կատարում աղբահանությունը, ինչի համար քաղաքապետարանը մի քանի անգամ տուգանել է ընկերությանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG