Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետը հայտարարեց «Սանիթեք»-ի հետ պայմանագրերը միակողմանի խզելու մասին


Երևանի քաղաքապետ Հայկ Մարության, արխիվ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր հայտարարեց «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը միակողմանիորեն խզելու մասին:

«Ինչպես գիտեք, 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Այս թերացումները ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը», - մասնավորապես ասաց Մարությանը:

«Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, սույնով ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը», - հայտարարեց Երևանի քաղաքապետը:

«Եթե պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում, հասկանալի է, որ այդ պայմանագիրն այլևս կենսունակ չէ», - նախօրեին Ազատության» հետ զրույցում անդրադառնալով «Սանիթեք»-ի թեմային՝ հայտարարել էր քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հավելելով․ - «Հասկանալի է, որ եթե պայմանագրի մի կողմը հրաժարվում է, այսինքն՝ շարունակաբար, ամիսներ շարունակ վատ է կատարել, ձախողել է իր աշխատանքը և որոշակի պահից սկսած առհասարակ հրաժարվել է կատարել իր պայմանագրային պարտականությունները, դա պետք է իր իրավական հետևանքը ունենա»:

Օգոստոսի 29-ից սկսած մայրաքաղաքի աղբահանությունը միայնակ իրականացնող համայնքային հիմնարկի աշխատանքը Հակոբ Կարապետյանը բավարար է գնահատում։ Ասաց՝ պատվիրած 20 փոքր տարողությամբ աղբատար մեքենաներից 5-ն արդեն Երևանում են։ Այս պահին կա 41 մեքենա, որին կավելանա ևս 15-ը։ Սպասվում է տեխնիկական միջոցների համալրում։

Երևանի քաղաքապետարանը երեկ «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019 թվականի օգոստոսի երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։

«Մենք հորդորում ենք «Սանիթեք»-ին, «Սանիթեք»-ի ղեկավարությանը, որպեսզի նրանք առաջնահերթ կերպով այդ գումարները բաշխեն աշխատակիցների միջև որպես աշխատավարձ, կատարեն իրենց աշխատավարձային պարտավորությունները: Եվ սա ոչ միայն օգոստոս ամսվա համար քաղաքապետարանի կողմից արված վերջին վճարումն էր, այլև ընդհանրապես վերջին վճարումն էր, որովհետև օգոստոսից հետո, հայտնի է, որ «Սանիթեք» ընկերությունը ընդհանրապես հրաժարվել է կատարել իր պայմանագրային պարտավորությունները», - ասաց քաղաքապետարանի խոսնակը:

Ամիսներ շարունակ մայրաքաղաքի աղբահանությունը թերություններով իրականացրած «Սանիթեք» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը երեկ «Ազատությանը» փոխանցեց, որ աշխատավարձերի տրման գործընթացն սկսված է, մինչև օրվա ավարտ պարտքերը կմարվեն։

Առաքելյանը նաև հաստատեց՝ «Սանիթեք»-ը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան։ «Այս պահին դեռ չեմ կարող որոշ մեկնաբանություններ անել՝ ավելի բացելով փակագծերը, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ բոլոր գործընթացները կլինեն բաց և հասանելի հասարակության և ԶԼՄ-ների համար: Այսինքն՝ երբ որ ինչ-որ գործընթացներ արդեն տեղի ունենան, այդ ամեն ինչը կլինի հրապարակավ և բաց», - ասաց «Սանիթեք»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:

XS
SM
MD
LG