Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանը խզում է «Սանիթեք»-ի հետ պայմանագրերը


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդես է գալիս «Սանիթեք»-ի հետ պայմանագրերը խզելու մասին հայտարարությամբ, 3-ը հոկտեմբերի, 2019թ․
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդես է գալիս «Սանիթեք»-ի հետ պայմանագրերը խզելու մասին հայտարարությամբ, 3-ը հոկտեմբերի, 2019թ․

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարեց «Սանիթեք» ընկերությունների հետ պայմանագրերը միակողմանի խզելու մասին:

Քաղաքապետն ընդգծեց. «2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Այս թերացումները ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019-ի սեպտեմբերը»։ Նշեց, որ իր հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ուսումնասիրել և գույքագրել են «Սանիթեք» ընկերությունների տեխնիկան, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանները։ Ուսումնասիրությունն ավարտվել է օրեր առաջ և այս պահին ունեն ամբողջական պատկերը։

Քաղաքապետը պայմանագրերը խզելու համար հիմնավորումներ ներկայացրեց. «Առաջին՝ աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը, երկրորդ՝ աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը և շահագործվող աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պահանջներին և ժամկետներին համապատասխան ծառայությունների մատուցումը, երրորդ՝ 2019 թվականի օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը, չորրորդ՝ պայմանագրերով նախատեսված ապահովագրության պայմանագրերի բացակայություն, հինգերորդ՝ գնումների մասին օրենսդրությամբ մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցներ, որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ։ Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով՝ սույնով ամբողջությամբ միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը», - ընդգծեց Մարությանը։

«Սանիթեք» ընկերությունը, ի պատասխան Երևանի քաղաքապետի հայտարարությանը, համաձայն որի՝ միակողմանի կերպով ամբողջությամբ լուծարել է «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերը, հայտնում է, որ «հաշվի առնելով պաշտոնական ծանուցման լայնածավալ լինելը` իրավաբանական թիմի կողմից համապատասխան ուսումնասիրությունից հետո ընկերությունը վաղը հանդես կգա համարժեք հայտարարությամբ»:

Նախքան սա, երեկ «Ազատության» հետ զրույցում «Սանիթեք»-ը հաստատել էր՝ պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան:

Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցությունն արդեն ողջունել է քաղաքապետի որոշումը:

«Դա երկար ժամանակ սպասված քայլ էր, հատկապես ամռան ամիսներին, երբ իրավիճակն ավելի էր սրվել, մենք ասում էինք, որ սա անայլընտրանք է, և փաստացի մենք այսքան ժամանակահատվածում, որքան «Սանիթեք»-ը ձախողեց, մի քանի հարյուր միլիոն դրամ է ընդամենը, ինչ չենք վճարել «Սանիթեք»-ին, իսկ դա միլիարդների մեջ բավականաչափ քիչ գումար է, և մենք այսքան ժամանակ փաստացի այդ գումարները լրացուցիչ ծախսեցինք «Սանիթեք»-ին վճարելու համար։ Հույս ունեմ, որ այս ամենը կիրականացվի պայմանագրային դրույթներին համապատասխան, որովհետև գիտենք, որ առկա է հնարավորություն «Սանիթեք»-ի կողմից միջազգային արբիտրաժային դատարան դիմելու, բայց ակնհայտ է, որ ներկայումս ծառայություն չմատուցելու պարագայում այլ ելք քաղաքապետարանին չէր էլ մնում», - նշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Օգոստոսի 29-ից սկսած մայրաքաղաքի աղբահանությունը միայնակ իրականացնում է համայնքային հիմնարկը։ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ նոր օպերատոր ներգրավելու վերաբերյալ հարց այս պահին օրակարգում չկա։

Կարապետյանը համայնքային հիմնարկի աշխատանքը բավարար է գնահատում։ Ասաց` պատվիրած 20 փոքր տարողությամբ աղբատար մեքենաներից հինգն արդեն Երևանում են։ Այս պահին կա 41 մեքենա, որին կավելանա ևս 15-ը։ Սպասվում է տեխնիկական միջոցների համալրում։

Երևանի քաղաքապետարանը երեկ «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019 թվականի օգոստոսի երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Հորդորել է «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։ Քաղաքապետարանը հայտնել է նաև, որ «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով օգոստոսի 29-ից ի վեր Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից»։

Ամիսներ շարունակ մայրաքաղաքի աղբահանությունը թերություններով իրականացրած «Սանիթեք» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը «Ազատությանը» փոխանցեց, որ աշխատավարձերի տրման գործընթացը սկսված է, մինչև օրվա ավարտ պարտքերը կմարվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG