Մատչելիության հղումներ

«Իմ քայլ»-ի պատգամավոր․ «Ուսումնասիրեցի ԱԱԾ-ի հաղորդագրությունը, իմ մոտ հարցեր չառաջացան»


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը զրուցում է լրագրողների հետ, Գյումրի, 19-ը հոկտեմբերի, 2019թ․
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը զրուցում է լրագրողների հետ, Գյումրի, 19-ը հոկտեմբերի, 2019թ․

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պարզաբանումները Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի համար «լրիվ բավարար» են: Այդ մասին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը հայտարարեց այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում:

«Ուսումնասիրեցի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը, իմ մոտ հարցեր չառաջացան՝ գոնե էս պահին», - ասաց Գևորգյանը՝ հավելելով․ - «Եթե ասեմ՝ ես էդ քրեական գործին կամ, չգիտեմ, նախապատրաստվող նյութերին ծանոթ եմ, իհարկե չէ, ես էլ՝ ձեր չափ, բայց էն պարզաբանումները, որ ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայությունը, ինձ լրիվ բավարար էր, ես էդտեղ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում»:

Երեկ ԱԱԾ էին հրավիրվել Հրայր Թովմասյանի հայրը և դուստրը, նախօրեին էլ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Թովմասյանի հայրական տուն: ԱԱԾ այս գործողությունը մեկնարկել էր նույն օրը, երբ ՍԴ նախագահի դեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պետական իշխանությունը յուրացնելու հոդվածով քրեական գործ էր հարուցել, ՀՔԾ-ն ՍԴ-ում, ՀՀԿ գրասենյակում և Ազգային ժողովում քննչական գործողություններ էր իրականացրել: Իրավապահների այս գործողությունները Հրայր Թովմասյանի աջակիցները քաղաքական հետապնդում են որակում:

Ազգային անվտանգության ծառայությունը, մինչդեռ, ուրբաթ երեկոյան տարածած հաղորդագրությունում մի շարք մանրամասներ է հրապարակել Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ՝ դրանք պայմանավորելով շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքում առերևույթ չարաշահումների փաստերով, ինչպես նաև պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերևույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ։

«Շատ են քննադատում, որ չարժե թիրախավորել ընտանիքը, և որ դա նախկին իշխանությունների ձեռագիրն էր՝ թիրախավորել հարազատներին, ընտանիքի անդամներին, 75-ամյա հորը», - լրագրողներից մեկի այս դիտարկմանը խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն այսօր արձագանքեց․ - «Ես ասում եմ՝ եթե դուք ԱԱԾ-ի հաղորդագրությունը կարդաք, էնտեղ մենակ իրեն չեն հարցաքննել, այլ նաև, որքան ես եմ հասկանում, գործողություններ արել, ոչ թե հարցաքննել, մի քանի նաև այլ մարդկանց, ես էդտեղ իրոք որևէ տարօրինակ բան չտեսա: Թող ընթացքը կերևա գործի, էլի պարզաբանումներ կլինեն, էլի բացահայտումներ կլինեն, կհասկանանք՝ ինչ է տեղի ունեցել: Էս պահին ես որևէ տարօրինակ բան չեմ տեսնում էդտեղ»:

Իսկ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու՝ Ազգային ժողովի դիմումի առնչությամբ, որը, հիշեցնենք, ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել, Հայկ Գևորգյանը հայտարարեց․ - «Սահմանադրական դատարանը պիտի բավարարի որոշակի չափանիշներ, առաջին հերթին ու ամենակարևորը՝ դա պիտի ունենա հանրային լայն վստահություն: Էսօրվա Սահմանադրական դատարանը, եթե դուք հիշեք՝ ինչպես է ձևավորվել, ինչպես է կազմավորվել, դուք կհասկանաք, որ էդտեղ նշույլ անգամ չկա հանրային վստահության: Դատական իշխանությունը իշխանության թևերից մեկն է և այն նույնպես պիտի բավարարի վստահության չափանիշին, վստահելի լինի»:

«Ազգային ժողովի կողմից գործողությունը վերջին, որ իրականացվեց, ես էսպես եմ գնահատում, որ մենք, այսպես, հնարավորություն տվեցինք Սահմանադրական դատարանին՝ ինքը իրեն ինչ-որ քայլեր անի, եթե ինքը չարեց, մենք կգնանք արդեն հաջորդ քայլերի: Կարծում եմ՝ իրավաբանները ավելի լավ կբացատրեն, թե ինչում են էդ քայլերը կայանում», - ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG