Մատչելիության հղումներ

Էրդողան․ Գործողությունը Սիրիայում կավարտվի միայն անվտանգության գոտու ստեղծումից հետո


Սիրիա - Թուրքական զինված ուժերը ռմբակոծում են Ռաս Ալ Ռայն քաղաքը, 16-ը հոկտեմբերի, 2019թ․

Չնայած Վաշինգտոնի կողմից կիրառվող պատժամիջոցներին, եվրոպական մի շարք պետությունների կողմից սահմանված սպառազինությունների ներկրման էմբարգոյին և միջազգային կառույցների հնչեցրած կոշտ քննադատությանը` Թուրքիան չի դադարեցնում Սիրիայի հյուսիսում նախորդ շաբաթ մեկնարկած հարձակումը:

Արդեն երկրորդ օրն է, ինչ հիմնական մարտերը ծավալվել են Թուրքիային սահմանակից Ռաս Ալ Այն քաղաքում: Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի ընդդիմադիրները նախօրեին շարունակում էին մարտեր վարել այստեղ դիրքավորված քրդական ջոկատների դեմ:

Ամերիկյան աղբյուրների տեղեկություններով, սակայն, քրդական ուժերն առայժմ կարողանում են հաջողությամբ հետ մղել թուրքերի և նրանց սիրիացի դաշնակիցների հարձակումները` նախևառաջ օգտվելով այստեղ տարիների ընթացքում կառուցված թունելների և ստորգետնյա գաղտնի անցումների լայն ցանցից:

Չնայած թուրքական բանակի առաջխաղացման որոշակի արգելակմանը՝ Ռեջեփ Էրդողանը պնդում է, թե «Խաղաղության աղբյուր» անվանումը ստացած այս գործողությունը շարունակվելու է: Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Բաքվից վերադարձի ճանապարհին: Այսօր արդեն Անկարայում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հստակ նախապայմաններ առաջ քաշեց, որոնց դեպքում թուրքական բանակի առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում կարող է դադարեցվել:

«Խաղաղության աղբյուր» գործողությունը կավարտվի այն պահին, երբ քուրդ զինյալները վայր դնեն զենքերը և լքեն մեր կողմից պլանավորվող անվտանգության գոտին, որը ձգվելու է Մանբիջից մինչև Իրաքի հետ սահման: Ամենաարագ լուծումը կլինի, եթե զինյալները զենքերը վայր դնեն մինչև չորեքշաբթի երեկո և հեռանան այդ տարածքից», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:

Երեկ ուշ երեկոյան Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ Էրդողանը և Պուտինը պայմանավորվել են հոկտեմբերի վերջին հանդիպել Մոսկվայում: Ըստ ամենայնի, նախագահների բանակցությունների հիմնական թեման հենց սիրիական ճգնաժամն է լինելու:

Սրան զուգահեռ՝ Սիրիայի կառավարական բանակը, քրդերի հետ կիրակի օրը ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, շարունակում է առաջխաղացումը դեպի հյուսիս: Ըստ վերջին տեղեկությունների՝ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը վերահսկողություն են սահմանել այն բոլոր ռազմակայանների նկատմամաբ, որտեղ մինչև նախորդ շաբաթ տեղակայված էին ամերիկյան ստորաբաժանումները:

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է արդարացնել ամերիկյան ուժերը Սիրիայից դուրս բերելու իր անակնկալ որոշումը: «Մենք ցանկանում ենք վերադարձնել մեր զինվորներին, որոնք աշխարհի լավագույն մարտիկներն են: Սիրիայում, սակայն, նրանք ոստիկանական գործառույթներ էին իրականացնում, չնայած այն հանգամանքին, որ ոստիկաններ չէին: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք նրանց տուն վերադարձնել, դե իսկ Թուրքիայի և շատ այլ ուժերի հանդեպ մենք շատ կոշտ դիրքորոշում ենք որդեգրել», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը:

Թրամփի հայտարարության ֆոնին հայտնի դարձավ, որ Մանհեթենի շրջանային դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել թուրքական պետական Halkbank-ին: Ամերիկացի իրավապահների պնդմամբ՝ Թուրքիայի խոշորագույն ֆինանսական այս կառույցը 2012-2016 թվականներին ակտիվորեն օժանդակել է Իրանի իշխանություններին` մեքենայությունների հատուկ սխեմաների միջոցով պաշտոնական Թեհրանին հնարավորություն ընձեռելով հաջողությամբ խուսափել ամերիկյան պատժամիջոցներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG