Մատչելիության հղումներ

Չնայած Ասադի զորքերի առաջխաղացմանը՝ Թուրքիան մտադիր չէ դադարեցնել հարձակումը Սիրիայում


Սիրիա - Հյուսիսային Այն Իսա բնակավայրում ողջունում են կառավարական զորքերի ստորաբաժանումներին, 14-ը հոկտեմբերի, 2019թ․
Սիրիա - Հյուսիսային Այն Իսա բնակավայրում ողջունում են կառավարական զորքերի ստորաբաժանումներին, 14-ը հոկտեմբերի, 2019թ․

Չնայած Սիրիայի կառավարական զորքերի սրընթաց առաջխաղացմանը՝ պաշտոնական Անկարան չի պատրաստվում դադարեցնել այդ երկրի հյուսիսում անցած շաբաթ մեկնարկած հարձակումը: Այդ մասին նախօրեին Բաքվում՝ Համաթյուրքական գործարար համաժողովի ընթացքում հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Չնայած բոլոր ճնշումներին և սպառնալիքներին՝ [Սիրիայում] իրականացվող գործողությունն ավարտին հասցնելու հարցում մենք շատ հաստատակամ ենք: Ես ցանկանում եմ դա հստակորեն հայտարարել` մենք մեր գործը լիարժեքորեն ավարտին ենք հասցնելու», - հայտարարում էր Էրդողանը:

Երկուշաբթի օրը թուրքական բանակի գործողությունները հիմնականում կենտրոնացել էին Ռաս ալ-Այն քաղաքի մերձակայքում: Թուրքական հրետանին ժամեր շարունակ հրետակոծում էր քաղաքը: Մեկ այլ սահմանամերձ բնակավայր` Թել Աբյադը, երկուշաբթի օրը թուրքական բանակի և Անկարայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմադիր խմբավորումների հսկողության տակ անցավ: Թուրքամետ զինյալները քաղաքի կենտրոնում այրեցին քրդական դրոշը` փոխարենը բարձրացնելով սիրիական ընդդիմության եռագույնը:

Թուրքական հարձակման հետևանքով, ի դեպ, առավելապես քրդերից կազմված «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» ստիպված էին լայնածավալ զորահավաք կազմակերպել, որի արդյունքում ռազմաճական ուղարկվեցին նաև տարածաշրջանի խոշորագույն կալանավայրերի և ռազմագերիների ճամբարների պահակազորների անդամները: Որպես հետևանք՝ հանգստյան օրերին հարյուրավոր իսլամիստ զինյալներ, հիմնականում՝ «Իսլամական պետություն» խմբավորման նախկին զինյալներ, հայտնվեցին ազատության մեջ:

Քրդերի հասցեին, սակայն, մեղադրանքներ են հնչում, որ նրանք դիտավորյալ են ազատ արձակել գերեվարված զինյալներին` առավել ակտիվ միջազգային արձագանք ակնկալելով: Առաջինն այդ մասին Twitter-ում գրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ենթադրելով, թե այդ քայլով քրդերը հույս ունեին, որ ամերիկացիները կմիջամտեն Սիրիայի հյուսիսում ծավալվող իրադարձություններին:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի պնդմամբ էլ՝ առնվազն մեկ կալանավայրի պարագայում քրդական ուժերը «Իսլամական պետության» նախկին զինյալներին տարել են անհայտ ուղղությամբ:

«Դուք գիտեք, որ ռազմական գործողությունների գոտում որոշակի խնդիրներ կան՝ կապված «Իսլամական պետության» զինյալների համար նախատեսված բանտերի հետ: Մեր վերահսկողության ներքո գտնվող շրջանում նման մեկ կալանավայար կար, և մենք պատրաստվում էին շատ լուրջ ջանքեր գործադրել այնտեղ խիստ հսկողություն սահմանելու նպատակով: Բայց երբ մեր զինվորականները մուտք գործեցին այդ բանտ, պարզվեց, որ [քրդական] Ժողովրդական պաշտպանության ուժերն արդեն լքել են տարածքը` տեղահանելով նաև բանտարկյալներին», - նշում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը` չհստակեցնելով, այդուհանդերձ, թե քրդական ուժերն ուր են տեղափոխել իսլամիստ զինյալներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG