Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարական բանակը մուտք է գործել երկրի քրդական շրջաններ


Սիրիա - Հյուսիսարևելյան Հասակե նահանգում ողջունում են կառավարական բանակի ստորաբաժանումներին, 14-ը հոկտեմբերի, 2019թ․

Սիրիացի քրդերի և Բաշար Ասադի վարչակազմի միջև ձեռք բերված համաձայնության մասին հայտնի դարձավ կիրակի ուշ երեկոյան: Իրադարձությունների կտրուկ շրջադարձի մասին առաջինը՝ կեսգիշերին մոտ հաղորդեց Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

«Սիրիայի արաբական բանակի ստորաբաժանումները սկսել են տեղակայվել երկրի հյուսիսային շրջաններում` թուրքական ագրեսիային դիմակայելու նպատակով», - թուրք - սիրիական սահմանին գտնվող Ղամիշլի քաղաքից հաղորդում էր պետական հեռուստատեսության թղթակիցը:

Սիրիայի քրդական շրջանների ներկայացուցիչ Ալդար Խելիլը այսօր առավոտյան արդեն որոշ մանրամասներ հաղորդեց ձեռք բերված պայմանավորվածությունների մասին` հատուկ ընդգծելով, որ Դամասկոսի հետ բանակցություններն ընթացել են Ռուսաստանի իշխանությունների միջնորդությամբ:

Ըստ Խելիլի, Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները տեղակայվելու են Թուրքիայի հետ սահմանի ողջ երկայնքով, իսկ քաղաքական հարցերը, մասնավորաբար՝ Սիրիայի քրդական շրջանների կարգավիճակը, կհստակեցվեն ավելի ուշ:

«Այն բանից հետո, երբ ամերիկացիները լքեցին մեր տարածաշրջանը և կանաչ լույս վառեցին թուրքական ագրեսիայի առջև, մենք պարզապես ստիպված էինք պայմանավորվածությունների գալ Դամասկոսի և Մոսկվայի հետ` թուրքական հարձակումը հետ մղելու նպատակով», - նշել է մեկ այլ սիրիացի քուրդ պաշտոնյա` Բադրան Ջիա Քուրդը:

Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումների առաջխաղացումը դեպի Թուրքիայի հետ սահմանային շրջաններ սկսվեց արդեն կեսգիշերին: Վաղ առավոտյան սիրիական բանակի շարասյունը մուտք գործեց Թել Թամեր քաղաք, որի բնակիչների մի մասը կառավարական զորքերին դիմավորեց «Մեր հոգին ու կյանքը պատրաստ ենք զոհաբերել Բաշարին» վանկարկումներով:

«Փառք Աստծո, որ Սիրիայի արաբական բանակը վերադարձել է: Հույս ունեմ, որ Էրդողանը կպատժվի մեր օջախները քանդելու համար: Ես այս նկարը ժամանակին թաքցրել էի և այժմ կրկին այն հանգիստ ցույց եմ տալիս բոլորին», - նշում էր քաղաքի բնակիչներից մեկը` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մեծադիր նկարը ձեռքին:

Կեսօրին մոտ սիրիական բանակի առաջխաղացումը հյուսիս շարունակվում էր: Պաշտոնական SANA լրատվական գործակալության և «Ալ Մայադին» հեռուստաընկերության տեղեկություններով՝ կառավարական բանակի ստորաբաժանումները մուտք են գործել «Իսլամական պետություն» խմբավորման նախկին կենտրոն Ռաքքայի մերձակայքում գտնվող Այն-Իսա և Թաբքա քաղաքներ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Բաշար Ասադին հավատարիմ զորքերը տեղակայվել են Մանբիջի մերձակայքում և այժմ շարժվում են դեպի Քոբանի:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, սակայն, այսօր հայտարարեց, որ Քոբանին գրավելու են հենց թուրքական զորքերը, և որ Անկարան Ռուսաստանի իշխանությունների հետ դրա շուրջ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել:

«Բազմաթիվ լուրեր են այժմ շրջանառվում: Ամեն դեպքում, մենք դեսպանության միջոցով կապ ենք հաստատել ռուսների հետ, և Քոբանիի հարցում պետք է որ խնդիրներ չծագեն: Ինչ վերաբերում է Մանբիջին, ապա մենք այդ քաղաքի վերաբերյալ որոշումը կայացրել ենք, և այժմ այն կյանքի է կոչվում», - պաշտոնական այցով Ադրբեջան մեկնելուց առաջ Ստամբուլի օդանավակայանում այսօր հայտարարում էր Թուրքիայի նախագահը:

Reuters գործակալության տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ Սիրիայի հետ սահմանի երկայնքով թուրքական բանակի նոր, հիմնականում տանկային ստորաբաժանումներ են կուտակվում:

Արդյո՞ք այս ամենը կարող է Սիրիայի և Թուրքիայի զինված ուժերի միջև բախման հանգեցնել: Մոսկվայում հույս ունեն, որ գործը դրան չի հասնի:

«Այս գործողության սկզբում մի շարք մակարդակներով ռուսական կողմը զգուշացրել է, որ ցանկացած քայլ, որը կարող է խոչընդոտել սիրիական խնդրի քաղաքական լուծմանը, խիստ անցանկալի է», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

XS
SM
MD
LG