Մատչելիության հղումներ

Ալիև․ «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»


Ադրբեջան - Թյուրքական խորհրդի գագաթնաժողովի մասնակիցները, Բաքու, 15-ը հոկտեմբերի, 2019թ․

«Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին» հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը, Բաքվում Թյուրքական խորհրդի նիստին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար», - նույն նիստին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով․ - «Ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ այսօր փախստականի կյանքով է ապրում»:

Ադրբեջանի մայրաքաղաքում անցնում է Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար երեկ Բաքու են ժամանել այդ կազմակերպության անդամ երկրներ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև Հունգարիայի վարչապետը, ում ղեկավարած երկիրն ունի դիտորդի կարգավիճակ։

Բաքվում անցնող համաժողովը նվիրված է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 10-րդ տարեդարձին: Երեկ համաժողովի շրջանակում կայացել էին մի շարք երկկողմ հանդիպումներ։ Այսօր հիմնական նիստն էր, որի ժամանակ կողմերը ստորագրել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ ներդրումային, թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամներ, առևտրաարդյունաբերական պալատ ստեղծելու մասին, ինչպես նաև ընդունել են համատեղ հայտարարություն։

Խորհրդի ստեղծման մասին նախիջևանյան համաձայնագիրը 2009 թվականին, հիշեցնենք, ստորագրել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները:

Այսօր այդ մասին խոսելիս Ալիևը հայտարարել է․ - «Ինչպես գիտեք, Նախիջևանն անջատված է Ադրբեջանից։ Մեր միջև պատմական ադրբեջանական Զանգեզուրն է, որի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։

Նա նաև հայտարարել է, թե «ադրբեջանական տարածքներում» Հայաստանը «ոչնչացնում է մզկիթները», և այդ պատճառով Հայաստանը չի կարող համարվել իսլամական աշխարհի բարեկամ։

Ի դեպ, Թյուրքական խորհրդի երկու երկիր՝ Ղազախստանն ու Ղրղըզստանը, Հայաստանի գոնե դե յուրե դաշնակիցներն են ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։

Հավելենք՝ Թյուրքական խորհրդի նախաձեռնողը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր, ով նույնպես երեկ ժամանել է Բաքու և ով հռչակվել է խորհրդի պատվավոր նախագահ։

Համաժողովի շրջանակում անցնող երկկողմ հանդիպումները մեծամասամբ փակ էին, դրանց հետևում էին կարճ հաղորդագրություններ։

Ալիևը մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել Բաքու ժամանած առաջնորդների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Ադրբեջանական մամուլի համաձայն՝ Էրդողանն ու Ալիևը երեկ կայացած բանակցությունների ընթացքում այլ հարցերի շարքում քննարկել են Սիրիան, Ղարաբաղը և ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

XS
SM
MD
LG