Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին նախագահի դատավարությունը մեկնարկեց նրա բացակայությամբ


Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաև, արխիվ
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաև, արխիվ

Կոռուպցիայի և այլ անօրինական գործողությունների մեջ մեղադրվող Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի դատավարությունը սկսվեց առանց նրա մասնակցության: Երկու անգամ նա մերժել էր ներկա գտնվել դատական նիստին, և արդեն նախկին նախագահի բացակայությամբ նիստը կայացավ երեկ: Ընթերցվեց Ատամբաևի գրավոր պատասխանը, և դատավարությունը մեկնարկեց:

Այս նիստում լսվում է նրան առաջադրված մեղադրանքներից մեկը՝ արդյո՞ք Ատամբաևը չարաշահել էր իր լիազորությունները՝ մեկուսարանից ազատ արձակելով քրեական աշխարհի հեղինակություններից մեկին: Այս դրվագով անցած օգոստոսին նախաքննությունն ասել էր, թե նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ պատգամավորի և Ներքին գործերի նախարարության աշխատակցի սպանելու համար դատապարտված քրեական հանցագործ Ազիզ Բատուկաևին անօրինական կերպով ազատելու համար: Այս գործով անցնում են 15 նախկին պաշտոնյաներ և բուժհաստատությունների աշխատակիցներ: Ատամբաևին 15 տարվա ազատազրկում է սպառնում:

63-ամյա Ալմազբեկ Ատամբաևը ձերբակալվել է օգոստոսի 8-ին՝ իր կողմնակիցների երկօրյա դիմադրությունից հետո: Նախկին նախագահը մի քանի անգամ մերժել էր հարցաքննության ներկայանալու՝ իրավապահների ծանուցագրերը, և երբ ոստիկանները գնացել էին Բիշքեկի մոտ գտնվող նրա առանձնատուն՝ բերման ենթարկելու համար, Ատամբաևի կողմնակիցները նաև զինված դիմադրություն էին ցույց տվել․ մեկ ոստիկան է սպանվել, ավելի քան 170 մարդ՝ վիրավորվել, որոնցից մոտավորապես կեսը՝ ոստիկաններ:

Մինչ Ատամբաևին ձերբակալելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ էր ունեցել նրա և Ղրղըզստանի ներկայիս նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ, բայց այդ հանդիպումները նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործի ընթացքի վրա ազդեցություն չունեցան: Իսկ Ատամբաևի ձերբակալության ժամանակ տեղի ունեցած դիմադրության հետևանքով նրա դեմ մեղադրանքներն ավելացան:

XS
SM
MD
LG