Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի իրավապահներին չի հաջողվել ձերբակալել նախկին նախագահին


Ղրղըզստան - Ալմազբեկ Աթամբաևի զինված կողմնակիցնեըը պաշտպանում են նախկին նախագահի տունը Քոյ Թաշ գյուղում, 7-ը օգոստոսի, 2019թ․

Ղրղըզստանի իրավապահները լքել են այն գյուղը, որտեղ ներկայումս գտնվում է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։

Իրավապահ ուժերը երեկ անհաջող փորձ էին ձեռնարկել ձերբակալելու նախկին նախագահին, ինչի հետևանքով իրավապահներից մեկը զոհվել է, 45 մարդ հոսպիտալացվել է տարբեր վնասվածքներով։

Գյուղը լքելու որոշումը պայմանավորված է Աթամբաևի աջակիցների հետ համաձայնությամբ, որ վերջիններս ազատ են արձակելու երեկվա ձախողված հատուկ օպերացիայի ժամանակ պատանդառված վեց իրավապահներին։

Այսօր Աթամբաևը տեսանյութ է հրապարակել տեղական հեռուստաոլիքներից մեկով, որտեղ նա իրեն ձերբակալելու փորձը հակասահմանադրական է որակում։

Աթամբաևը ասել է, որ իշխանություններին առաջարկել է ցանկացած հարց իրեն ներկայացնել գրավոր՝ պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել։

2011-2017 թվականներին Ղրղըզստանը ղեկավարած Աթամբաևի դեմ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մի քանի քրեական գործ է հարուցվել՝ հիմնականում կոռուպցիոն հոդվածներով: Նա այս տարվա հունիսին զրկվել է անձեռնմխելիությունից և նախկին նախագահի կարգավիճակից, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել:

Ղրղըզստանի իրավապահները պնդում են, որ բազմիցս Աթամբաևին հրավիրել են հարցաքննության, սակայն նա չի ներկայացել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG