Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի իրավապահները երկրորդ գրոհն են ձեռնարկել նախկին նախագահին ձերբակալելու համար


Ղրղըզստան - Ոստիկանությունը փակել է Կոյ Տաշ տանող ճանապարհը, 8-ը օգոստոսի, 2019թ․
Ղրղըզստան - Ոստիկանությունը փակել է Կոյ Տաշ տանող ճանապարհը, 8-ը օգոստոսի, 2019թ․

Ղրղըզստանի իրավապահները այսօր երկրորդ գրոհն են ձեռնարկել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու համար: «Հատուկ ջոկատայինները կրկին շրջապատել են նախկին նախագահի՝ Բիշքեկի մերձակայքում՝ Կոյ Տաշ ավանում գտնվող առանձնատունը: Ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ ու արցունքաբեր գազ է կիրառում Աթամբաևի առանձնատան ուղղությամբ, որտեղ խմբվել են նախկին նախագահի տասնյակ աջակիցներն ու համախոհները», - հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը:

Երեկ նույն վայրում իրավապահների գրոհն ավարտվել էր անհաջողությամբ, Աթամբաևի աջակիցները կրակ էին բացել, հատուկ ջոկատայիններից մեկը սպանվել էր, ավելի քան հինգ տասնյակ մարդ՝ վիրավորվել, իրավապահներից մի քանիսն էլ՝ գերեվարվել:

Այսօր արդեն նախկին ու ներկայիս նախագահները միմյանց էին մեղադրել այդ արյունահեղության համար:

«Ալմազբեկ Աթամբաևը արհամարհել է Ղրղըզստանի Սահմանադրությունն ու օրենքները, խոչընդոտել հետաքննությանը զենքի գործադրմամբ», - Ազգային անվբտանգության խորհրդի արտակարգի նիստում պնդել էր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Երկրի գործող նախագահը հրապարակավ հանձնարարել էր Անվտանգության խորհրդին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ երկրում հնարավորինս արագ խաղաղություն ու կայունություն ապահովելու համար:

2011-17 թվականներին Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրվում է քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով, այդ թվում՝ իշխանությունը չարաշահելու, ապօրինի հարստանալու և խոշոր կոռուպցիայի համար: Նախկին նախագահը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները, ձերբակալության մասին որոշումը որակում հակասահմանադրական, երեկվա բռնությունների պատասխանատվությունն էլ դնում գործող իշխանության վրա:

«Մեղավոր են նրանք, որ նախապես իմանալով, որ կա՛մ իրավապահներն են զոհվելու, կամ՝ քաղաքացիական անձինք, այդուամենայնիվ, ուղարկել էին հատուկ ջոկատայիններին, ուղարկել էին մարտական զենքերով», - ասել է նախկին նախագահը:

Ընդ որում, խոսելով երեկվա իրադարձությունների մասին, Աթամբաևը հայտարարել է՝ ինքն անձամբ զենք է կիրառել․ - «Ես կրակել եմ, շեղվել է գնդակը, թե դիպչել եմ մեկին՝ չգիտեմ: Ես փորձում էի հատուկ ջոկատայիններից որևէ մեկին չվնասել, սակայն ինչ-որ մեկը անընդհատ ժողովրդին առաջ էր մղում: Բաց հայտարարում եմ այս մասին, որպեսզի հետո իմ աջակիցներից որևէ մեկի վրա դա չբարդեն»:

Այս պահին տեղում իրավապահների գործողությունները շարունակվում են: «Ազատության» ղրղըզական ծառայության հաղորդմամբ՝ քիչ առաջ դեպքի վայր են ժամանել շտապօգնության 4-5 մեքենաներ, ոստիկանությունը փակել է դեպի Աթամբաևի տուն տանող ճանապարհները, այլ մանրամասներ հայտնի չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG