Մատչելիության հղումներ

Պրիստայկո․ Կիևը ջանում է վերջ տալ հակամարտությունը Ուկրաինայի արևելքում, բայց ոչ ամեն գնով


Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկո, արխիվ
Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկո, արխիվ

Կիևը ջանում է վերջ տալ հակամարտությունը Ուկրաինայի արևելքում, բայց ոչ ամեն գնով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն՝ դիմելով եվրոպացի օրենսդիրներին Բրյուսելում:

«Ուկրաինան այժմ մնում է և կմնա ունիտար պետություն: Մենք չենք քննարկում Ուկրաինայի բռնի ֆեդերալացումը», - ասել է Պրիստայկոն երեկ Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում իր ելույթում:

«Մյուս կարմիր գիծը, որ մենք չենք անցնի՝ Սահմանադրությունը չենք փոխի այնպես, ինչպես ուզում է Ռուսաստանը», - ավելացրել է նա:

Պրիստայկոն ասել է, որ Կիևը, այնուհանդերձ, պատրաստ է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին տրամադրել ինքնորոշման ինչ-որ կարգավիճակ ապակենտրոնացման գործընթացի շրջանակում, որն այսպես թե այնպես Ուկրաինայում տեղի է ունենում։

Ավելի վաղ հարցազրույցի ժամանակ Պրիստայկոն ասել է, որ Ուկրաինայի արևելքում խաղաղություն հաստատելու հարցով կարող է գագաթնաժողով տեղի ունենալ Փարիզում նոյեմբերի կեսերին, եթե Կիևը և անջատողականները կարողանան ապահովել զինադադարը։

Նախարարը Reuters լրատվական գործակալությանն ասել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հանդիպումը «վերջին հնարավորությունը» կարող է լինել Մոսկվայի համար՝ լրջորեն ներգրավվելու հակամարտության կարգավորման մեջ:

Ուկրաինայի նախագահն անցած շաբաթ մեղադրել է Ռուսաստանին գագաթնաժողովը հետաձգելու մեջ, քանի որ Մոսկվան պահանջում է, որ Կիևն առաջինը հետ քաշի իր զորքերը։

Ուկրաինայի արևելքում հակամարտությունը 2014 թվականի ապրիլից ի վեր շուրջ 13 հազար մարդու կյանք է խլել։

XS
SM
MD
LG