Վլադիմիր Զելենսկին իր նախագահության թերևս ամենալուրջ ճգնաժամի շեմին. Ուկրաինայում հազարավոր մարդիկ իշխանություններից պահանջում են հրաժարվել այսպես կոչված «Շտայնմայերի բանաձևի» դրույթներից, որն անցած շաբաթ պաշտոնական Կիևը ընդունել է՝ հայտարարելով երկրի արևելքի հակամարտությունը թուլացնելու հարցում որոշ զիջումների գնալու պատրաստակամության մասին:
Նախագահ Վլադիմիր Զելենսկու այդ հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել երկրում: Ցուցարարները, որոնց թվում էր նաև երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն, նախագահից պահանջում են ծնկի չգալ Ռուսաստանի հետ բանակցություններում՝ հայտարարելով, որ դեմ են բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են, իրենց համոզմամբ, կապիտուլյացիայի և Ուկրաինայի ազգային շահերը զիջելուն:
Այս բողոքի ակցիաները ամենախոշորն են Զելենսկու՝ նախագահ ընտրվելուց ի վեր: Դժգոհության ալիք բարձրացրած փաստաթղթի համաձայն, նախատեսվում է Ուկրաինայի արևելքում՝ ռուսների աջակցությունը վայելող անջատական շրջաններում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել ԵԱՀԿ-ի հսկողության ներքո:
Ընդդիմախոսները պնդում են, թե սրանով այդ տարածքները փաստացի կհանձնվեն Ռուսաստանին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մինչդեռ, հայտարարել է՝ քվեարկությունը տեղի կունենա մի շարք պայմանների իրագործումից, մասնավորապես, ռուսական զորքերը Դոնբասից դուրս բերելուց հետո միայն: Զելենսկին նաև պնդել էր, թե այս գործարքը անհրաժեշտ քայլ է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մակարդակով խորհրդաժողով անցկացնելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար:
Հինգերորդ տարին շարունակվող Ուկրաինական հակամարտությունը կարգավորելու նորընտիր նախագահի համարձակ որոշմանը, սակայն, ուկրաինացիները արձագանքում են «Հանուն ինչի է արյուն թափվել», «ոչ կապիտուլյացիային», «Ծառա դուրս արի, ժողովուրդն է եկել», «Զեմոկրատուրա չքվիր» կարգախոսներով և պաստառներով։
Իշխանական թիմը մինչդեռ հակադարձում է՝ Շտայնմայերի բանաձևը վախենալու չէ, դա միակ հնարավորությունն է Դոնբասում խաղաղության հասնելու հարցում:
«Որևէ դավաճանություն չկա, մենք չենք կարող բացել բանակցությունների բոլոր մանրամասները, բայց ես երաշխավորում եմ՝ ամեն ինչ նորմալ է: Անձամբ ինձ, ինչպես նաև մեր բոլոր պատգամավորների համար, կան կարմիր գծեր, որոնք մենք չենք անցնի», - հայտարարել է իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության առաջնորդ Դավիդ Արախամիան՝ հավելելով նաև, որ այդ բանաձևի համաձայնեցումը տեխնիկական քայլ է՝ Մինսկի ձևաչափից անցում Նորմանդյանի։
Ընդդիմախոսները, սակայն, այդ գնահատականների հետ համաձայն չեն՝ հիշեցնելով, որ Շտայնմայերի բանաձևը տևական ժամանակ փորձում էր առաջ մղել Ռուսաստանը, որի ոգևորությունը պատահական չէ: Բանաձևի հեղինակը՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ -Վալտեր Շտայնմայերը կտրականապես հերքում է այդ պնդումները:
Գերմանացի քաղաքական գործիչը, ով փաստաթուղթը հեղինակել էր 2015 թվականին՝ գերմանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնում, նաև տարակուսանք է հայտել Ուկրաինայում իր առաջարկների շուրջ ստեղծված այդ աղմուկի կապակցությամբ՝ շեշտելով, որ բանակցություններում, որտեղ այդ բանաձևը ներկայացվել և քննարկվել է, մասնակցում էր նաև այսօր դրա դեմ բողոքող Պետրո Պորոշենկոն, ով պնդում է, թե Շտայնմայերի բանաձևը իրականում գրվել է Կրեմլում։
«Բանաձևը ոչ այլ ինչ է, քան Դոնբասի հարցով մեծ քայլերի բաժանում փոքր քայլերի, քանի որ Շտայնմայերի խոսքերով՝ հակամարտության կողմերը տարիներ շարունակ բանակցելով որևէ արդյունքի չեն հասել, կողմերից ոչ մեկը չի գնացել մինսկյան համաձայնագրի իրագործման ճանապարհով, ինչը ենթադրում է մեծ քայլեր», - պարզաբանել է Շտայնմայերը` հերքելով կարծիքները, թե իր առաջարկները գրվել են Մոսկվայի ազդեցության արդյունքում։
Ուկրաինայի կառավարական զորքերի և անջատականների միջև երկրի արևելքում շարունակվող պատերազմի հետևանքով ավելի քան 13 հազար մարդ է զոհվել: