Ոչ թե մամուլի ասուլիս, այլ՝ մարաթոն․ այսպես էր Ուկրաինայի նորընտիր նախագահը որակել իր առաջին, ընդարձակ շփումը լրագրողների հետ:
Շոուբիզնեսից նախագահական եկած Վլադիմիր Զելենսկին այս հարցում էլ, այսպես ասած, շրջել էր ամեն ինչ գլխիվայր. ավանդաբար նախագահականում անցկացվող ասուլիսն այս անգամ կազմակերպվել էր Կիևի կենտրոնում գտնվող նորաբաց սննդի կենտրոններից մեկում: Հավատարմագրված ավելի քան 300 լրագրողներին նախագահականը բաժանել էր 7-8 հոգանոց խմբերի, որոնք հերթափոխով էին մոտենում նախագահին:
Խմբերից յուրաքանչյուրին տրվում էր մոտ կես ժամ՝ հարցուպատասխանի համար: Երրորդ խմբի հետ արդեն սեղանին հայտնվեցին ուտելիքներ՝ էլ ավելի արտասովոր դարձնելով լրագրողների առաջին ասուլիսը 5 ամիս առաջ ընտրված նախագահի հետ:
«Ես ուզում էի, որ մեր այս շփումը լինի ոչ պաշտոնական», - դիմելով սեղանակիցներին ասաց Զելենսկին՝ չթաքցնելով՝ ցանկություն է ունեցել անգամ ասուլիսը անցկացնել առավոտյան վազքին զուգընթաց, բայց, հրաժարվել է այդ մտքից, երբ խորհրդականները հուշել են՝ վազելն ու միաժամանակ խոսելն այնքան էլ հեշտ չի լինի:
Առաջին հարցի հնարավորությունը տրվեց Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատական շրջաններից մեկից՝ Դոնբասից տեղափոխված լրագրողին, ով հետաքրքրվեց՝ ի՞նչ զիջումների է պատրաստ Զելենսկին արևելքում խաղաղություն հաստատելու, տեղի բնակչության շրջանում Կիևի հանդեպ վստահություն սերմանելու համար:
«Իմ առաքելությունն է վերջ տալ պատերազմին, ժողովուրդը մանդատ է տվել դրան», - պնդեց Զելենսկին:
Ավելի ուշ, խոսելով արդեն հակամարտության կարգավորման մասին՝ Զելենսկին պնդեց՝ հակամարտության կողմերն են Ռուսաստանն ու Ուկրաինան: Թեև Մոսկվան պնդում է, թե խնդրի հետ որևէ կապ չունի, և որ Ուկրաինան պետք է ինքնահռչակ Դոնբասի և Լուհանսկի ղեկավարների հետ բանակցի:
Կողմերից յուրաքանչյուրը պետք է ցույց տա պատերազմին վերջ դնելու իր ցանկությունը: Ես ցույց եմ տալիս: իհարկե, երաշխիք չկա, որ մյուս կողմն էլ է դրան պատրաստ, բայց մենք պետք է ի ցույց դնենք մեր դիրքորոշումը: Դա մեր տարածքն է, մենք ուզում ենք այդ տարածքները վերադարձնել, և պետք է զբաղվենք այդ հարցով», - նշել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, Ուկրաինայի և Ռուսաստանի բանագնացները բեկումնային համաձայնության էին եկել, այսպես կոչված, Շտայնմայերի բանաձևի շուրջ, որը նախատեսում է հատուկ կարգավիճակ տրամադրել անջատական շրջաններին և այնտեղ անցկացնել տեղական ընտրություններ:
Մեկնաբանելով ուկրաինական մամուլում շրջանառվող լուրերը, թե Ռուսաստանը Դոնբասի հակամարտությանը վերջ դնելու համար պահանջել է Կիևից մոռանալ Ղրիմի մասին, Զելենսկին հայտարարեց՝ նման խոսակցություն երբեք չի եղել: Ավելին, ըստ Ուկրաինայի նախագահի, ինքը մտադիր է Նորմանդյան քառյակի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդների միջև ակնկալվող հանդիպմանը թերակղզու վերադարձի հարցը բարձրացնել:
«Ինձ համար Նորմանդյան ձևաչափը նաև հնարավորություն է կտա Ղրիմի վերադարձը քննարկել կամ գոնե վերադառնալ այդ հարցի շուրջ երկխոսությանը, որովհետև այժմ որևէ հարթակ չկա, որտեղ այս հարցը կարող է քննարկվել: Մեր արևմտյան դաշնակիցների՝ Միացյալ Նահանգների, Կանադայի համար, որոնց մենք շատ շնորհակալ ենք, Ղրիմի հարցը գոյություն ունի միայն պատժամիջոցների տեսքով», - ասել է Զելենսկին:
Մեկը մյուսին փոխարինող լրագրողական խմբերի ուշադրության կենտրոնում էր նաև Զելենսկու հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների նախագահի հետ, որի պատճառով Վաշինգտոնում դեմոկրատները իմփիչմենթի գործընթաց են սկսել Սպիտակ տան ղեկավարի դեմ: Զելենսկին կրկին պնդել է, թե Դոնալդ Թրամփն իր վրա ճնշում չի գործադրել՝ ոչ Ուկրաինային օգնություն տրամադրելու, ոչ էլ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ հետաքննություն սկսելու հարցով:
«Երբ մենք զրուցում էինք, ես նույնիսկ չգիտեի, որ ամերիկյան ռազմական օգնությունն արգելափակված է», - հայտարարեց Ուկրաինայի նախագահը՝ նշելով. «Նրանք այդ գումարը սառեցրել էին մինչև մեր զրույցը, բայց մենք այդ թեմային չենք անդրադարձել, ես այդ ժամանակ չգիտեի էլ այդ մասին: հետո եմ խոսել պաշտպանության նախարարի հետ, և իմացել, որ մենք խնդիր ունենք: Շանտաժ չի եղել, քանի որ այդ հարցը ընդհանրապես չի քննարկվել, ընդհանրապես»:
Արևմտյան լրագրողներից մեկը նաև հետաքրքրվել էր՝ իսկ ինչպե՞ս է Զելենսկին արձագանքելու, եթե Միացյալ Նահանգների նախագահը խնդրի «մի փոքրիկ լավություն անել իրեն»:
«Մենք Միացյալ նահանգների քաղաքական գործիչներին սպասարկող անձնակազմ չենք և չենք պատրաստվում աջակցել նրանցից որևէ մեկին: մենք ինքնիշխան երկիր ենք», - արձագանքել է Վլաիդմիր Զելենսկին:
Լրատվամիջոցները փաստում են, որ առավոտից սկսված և արդեն 7 ժամ շարունակվող այս հարցուպատասխանով Զելենսկին գերազանցել է անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկարատև ասուլիսների ռեկորդը: Ինքը՝ նախագահը, կարծես, ի սկզբանե էր որոշել, որ ողջ օրն անցկացնելու է լրագրողների հետ: Համենայնդեպս, մարաթոնից առաջ, բջջայինը օգնականին հանձնելիս Զելենսկին նշել էր՝ «հեռախոսը մոտեցրեք միայն այն դեպքում, երբ կինս, երեխաս, կամ՝ մայրս կզանգեն»: