Մատչելիության հղումներ

Կիևում հազարավոր ցուցարարներ պահանջել են Զելենսկուց «չհանձնվել Մոսկվային»


Ուկրաինա - Բողոքի ցույցը Կիևի Անկախության հրապարակում, 6-ը հոկտեմբերի, 2019թ․
Ուկրաինա - Բողոքի ցույցը Կիևի Անկախության հրապարակում, 6-ը հոկտեմբերի, 2019թ․

Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում երեկ հավաքված մարդիկ հայտարարել են «կապիտուլյացիային դիմադրելու» շարժում ստեղծելու մասին:

Կիևի կենտրոնում շուրջ 10 հազար մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն, ցույցի էին դուրս եկել: Նրանք պահանջում են երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուց զիջումների չգնալ և «չհանձնվել Մոսկվային» Ռուսաստանի հետ բանակցություններում:

Հավաքվածները նաև պահանջել են Ռադայում ներկայացված ընդդիմադիր կուսակցություններից համապատասխան ընդդիմադիր դաշինք ստեղծել խորհրդարանում և թույլ չտալ, որ Զելենսկին ու իր թիմը «հանձնվեն Ռուսաստանին»:

Ընդդիմադիրները երթ էին կազմակերպել դեպի նախագահի նստավայր՝ վանկարկելով․ - «Ժողովրդի ծառա, դուրս արի, ժողովուրդը եկել է»:

Զելենսկին, սակայն, ցուցարարների հետ չի հանդիպել, իսկ վերջիններս պահանջել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանի հրաժարականը: Բոգդանը Ֆեյսբուքում գրել էր, թե Մայդանում հավաքվածներին վճարել են բողոքի ակցիաներին մասնակցելու համար:

Բողոքի ցույցերը սկսվել են անցած շաբաթվա վերջից, երբ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի պաշտոնյաները հայտարարել են, թե համաձայնության են եկել «Շտայնմայերի բանաձևի» դրույթների շուրջ: Ըստ այդ փաստաթղթի՝ նախատեսվում է Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատական շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել ԵԱՀԿ-ի հսկողության տակ: Սա այն է, ինչ Մոսկվան միշտ առաջ էր քաշում, երբ խոսում էր Դոնբասում պատերազմին վերջ տալու պայմանների մասին: «Շտայնմայերի բանաձևի» ընդդիմախոսները պնդում են, թե սրանով այդ տարածքները փաստացի հանձնվելու են Ռուսաստանին:

Ուկրաինայի նախագահը հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել, որում պնդում էր, թե քվեարկությունը տեղի կունենա մի շարք պայմանների իրագործումից, մասնավորապես՝ ռուսական զորքերը Դոնբասից դուրս բերելուց հետո միայն, ու որ այս գործը անհրաժեշտ քայլ է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մակարդակով խորհրդաժողով անցկացնելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար:

Ուկրաինայի կառավարական զորքերի և անջատականների միջև երկրի արևելքում արդեն հինգ տարի շարունակվող պատերազմի հետևանքով ավելի քան 13 հազար մարդ է զոհվել:

Զելենսկին ընտրարշավի ժամանակ բազմիցս հայտարարել էր՝ նախագահ ընտրվելու դեպքում հնարավորը կանի պատերազմին վերջ տալու համար:

XS
SM
MD
LG