Մատչելիության հղումներ

Ուկրաինայում և Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յովանովիչը այսօր կմասնակցի Թրամփի իմփիչմենթի շուրջ լսումներին


Մարի Յովանովիչ, արխիվ

Հայաստանում և Ուկրաինայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մարի Յովանովիչը այսօր երեկոյան կժամանի Կապիտոլիում`նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հիմքերը քննող կոնգրեսական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստին մասնակցելու նպատակով:

Կոնգրեսականները ցանկանում են Յովանովիչին մի շարք հարցեր ուղղել, որ վերաբերելու են Կիևում նրա պաշտոնավարման վերջին ժամանակահատվածին։

Դիվանագետին ուղղված հարցերն ամերիկացի օրենսդիրների մոտ ծագեցին այն բանից հետո, երբ Յովանովիչը վաղաժամ հեռացվեց Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնից:

Դեսպանին պաշտոնանկ արեցին այս տարվա մայիսին` լիազորությունների ավարտից ընդամենը երկու ամիս առաջ: Նշենք, ի դեպ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հուլիսի 25-ին կայացած և իմփիչմենթի շուրջ զարգացումների փաստացի պատճառ դարձած հեռախոսազրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը բացասաբար էր արտահայտվել Յովանովիչի հասցեին` նրան անվանելով «վատ լուր»:

Նախօրեին կոնգրեսականները պաշտոնական նամակ են հղել պետքարտուղար Մայք Փոմփեոյին` պահանջելով պարզաբանել Յովանովիչի պաշտոնանկության պատճառները: Ամերիկյան մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Մարի Յովանովիչը դեսպանի պաշտոնից հետ էր կանչվել Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիի հետ` ուկրաինական խնդիրների շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով:

Կոնգրեսում, ի դեպ, չեն բացառում, որ Պետքարտուղարությունը և Սպիտակ տունը վերջին պահին կարող են արգելել Յովանովիչին ցուցմունքներով հանդես գալ, ինչպես տեղի ունեցավ ԵՄ-ում Միացյալ Նահանգների դեսպան Գորդոն Սոնդլանդի դեպքում: Նա, հիշեցնենք, կոնգրեսականների առջև ցուցմունքներով պետք է հանդես գար երեք օր առաջ` հոկտեմբերի 8-ին:

Յովանովիչի մասնակցությամբ լսումների տապալման շուրջ մտավախություններն, ի դեպ, այնքան էլ անհիմն չեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայում նախկին դեսպանի և կոնգրեսականների զրույցը նախապես ծրագրված էր հոկտեմբերի 2-ին, սակայն վերջին պահին չեղարկվեց:

Կոնգրեսական հետաքննության ֆոնին ամերիկացի իրավապահները ևս սկսել են հետաքննել Թրամփի շրջապատի որոշ ներկայացուցիչների գործունեությունը:

Այսօր հայտնի դարձավ, որ Մանհեթենի շրջանային դատախազության պահանջով հինգշաբթի երեկոյան Վաշինգտոնի միջազգային օդանավակայանում, երկիրը լքելու պահին ձերբակալվել են Ռուդի Ջուլիանիի հետ սերտ կապեր ունեցող գործարարներ, Ուկրաինայի և Բելառուսի նախկին քաղաքացիներ՝ Լև Պարնասը և Իգոր Ֆրումանը:

Մի շարք տեղեկությունների համաձայն՝ գործարարները ներգրավված էին Ռուդի Ջուլիանիի և պաշտոնական Կիևի կուլիսային բանակցություններում, որոնց նպատակն էր համոզել ուկրաինական իշխանություններին` հետաքննել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու բիզնես գործունեությունը: Ամերիկյան դատախազությունը Ֆրումանին և Պարնասին կասկածում է քարոզարշավի ֆինանսավորման կանոնների խախտման մեջ:

«Ինչպես նշված է մեղադրական եզրակացությունում, կասկածյալները խախտել են օրենքը` նպատակ ունենալով քաղաքական ազդեցություն ձեռք բերել: Դրա հետ մեկտեղ, նրանք խուսափել են գաղտնազերծել [քարոզարշավի] նվիրատվություններ կատարող անձանց ինքնությունը, ինչպես նաև նվիրաբերվող գումարների ծագման աղբյուրը», - անցած գիշեր Նյու Յորքում կայացած ասուլիսի ընթացքում նշում էր դատախազ Ջեֆ Բերմանը:

Մանհեթենի դատախազության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի Նյու Յորքի գրասենյակի ներկայացուցիչների պնդմամբ, Պարնասը և Ֆրումանը «ուկրաինացի մի պաշտոնյայի անունից գործելով փորձել են օգտագործել իրենց ունեցած քաղաքական կապերը` ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի հետկանչին հասնելու նպատակով»:

Իր շրջապատի գործունեության հետաքննությանը զուգահեռ նախագահ Թրամփը շարունակում է պնդել, որ Կոնգրեսում մեկնարկած իր պաշտոնանկության պրոցեսը որևէ հեռանկար չունի: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարեց հինգշաբթի երեկոյան Մինեապոլիսում կայացած հանրահավաքի ժամանակ:

«Մեր կառավարությունը տապալելու` դեմոկրատների այս անպատկառ փորձը քվեատուփերի մոտ այնպիսի հուժկու հակահարվածի կարժանանա, որ աննախադեպ կլինի այս երկրի պատմության ընթացքում», - հայտարարում էր Թրամփը:

XS
SM
MD
LG