Մատչելիության հղումներ

Արտոնված բողոքի ակցիան Բաքվում «արագորեն վերածվել է արգելվածի»


Ադրբեջան - Բողոքի ակցիան Բաքվում, 8-ը հոկտեմբերի, 2019թ․
Ադրբեջան - Բողոքի ակցիան Բաքվում, 8-ը հոկտեմբերի, 2019թ․

Հունվարի ամսից ի վեր Բաքվի քաղաքային իշխանությունների կողմից պաշտոնապես թույլատրված առաջին բողոքի ակցիան նախօրեին ուղեկցվեց ձերբակալություններով և սադրանքներով:

«Ցույց ռեզերվացիայում», «Թույլատրված պիկետ, որ արագորեն վերածվեց արգելվածի»` այսպես են բնութագրում երեկվա ակցիան Ադրբեջանում գործող ընդդիմադիր կայքերը:

Ադրբեջանցի ընդդիմադիները մտադիր էին բողոքի ակցիա անցկացնել Բաքվի քաղաքապետարանի շենքի առջև` բողոքելով խաղաղ հավաքների անցկացման` ձմեռվանից գործող փաստացի արգելքի դեմ: Հիշեցնենք, որ Բաքվի արվարձաններից մեկում հունվարի 19-ին անցկացված անսպասելիորեն բազմամարդ հանրահավաքից հետո ադրբեջանական իշխանությունները ընդդիմությանն այլևս թույլ չեն տալիս հավաքներ կազմակերպել անգամ քաղաքի կենտրոնից զգալի հեռավորության վրա գտնվող թաղամասերում:

Բողոքի ակցիայի մեկնարկից դեռ մեկուկես ժամ առաջ, սակայն, հատուկ ջոկատայինները շրջափակեցին ցույցի համար քաղաքապետարանի կողմից հատկացված տարածքը: Մահակներով զինված սաղավարտավոր ոստիկաններն ընդդիմության տասնյակ աջակիցներին դուրս մղեցին քաղաքապետարանի մուտքի մոտից` արգելափակելով նրանց հարևան փակուղում: Այդ պահին, երբ կրքերն արդեն իսկ թեժացել էին, մի խումբ մարդիկ, որոնք, ինչպես պարզվեց, ընդդիմության հետ որևէ կապ չունեին, սկսեցին վանկարկել` «ժողովուրդը սիրում է Իլհամ Ալիևին»: Ընդդիմադիրների և Ալիևի աջակիցների միջև վիճաբանություն ծագեց, ինչն էլ առթի տվեց ոստիկանությանը գործի անցնել:

Ներքին գործերի Բաքվի քաղաքային վարչության պնդմամբ՝ ոստիկանությունն իրազեկված այս ցույցը ստիպված եղավ ցրել, քանի որ դրա կազմակերպիչները խախտել էին քաղաքապետարան ներկայացրած իրենց իսկ իրազեկման պայմանները:

«Նախնական պայմանավորվածության համաձայն՝ պիկետին պետք է մասնակցեր առավելագույնը 50 մարդ: Նրանց թիվը, սակայն, զգալիորեն գերազանցում էր հինգ տասնյակը», - նշում են ադրբեջանցի ոստիկանները` հավելելով, թե քաղաքապետարանի շենքի մերձակայքից 17 մարդու են բերման ենթարկել: Նրանց մեծ մասը երեկոյան կողմ արդեն ազատ էր արձակվել, հինգի դեմ վարչական վարույթ է հարուցվել:

Չնայած ոստիկանության կոշտ արձագանքին՝ ադրբեջանցի ընդդիմադիրները չեն պատրաստվում հրաժարվել քաղաքապետարանի շենքի հարևանությամբ պիկետներ անցկացնելու պրակտիկայից: «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի խոսքով՝ հաջորդ նմանատիպ ակցիան ընդդիմությունը փորձելու է կազմակերպել հոկտեմբերի 19-ին:

XS
SM
MD
LG