Մատչելիության հղումներ

Բաքվի ոստիկանությունը մտադիր է արգելել ընդդիմության հանրահավաքները քաղաքի վարչական սահմաններում


Ադրբեջան - Ընդդիմության հանրահավաքը Բաքվում, 19-ը հունվարի, 2019թ․

Բաքվի ոստիկանությունը մտադիր է արգելել ընդդիմության հանրահավաքների անցկացումը Ադրբեջանի մայրաքաղաքի վարչական սահմաններում:

Ներքին գործերի Բաքվի քաղաքային վարչությունը երեքշաբթի օրը հանդես եկավ նման հայտարարությամբ` պնդելով, որ հունվարի 19-ին ադրբեջանական մայրաքաղաքի արվարձաններից մեկում կայացած արտոնված հանրահավաքի ընթացքում ընդդիմության ներկայացուցիչները խախտել են հասարակական կարգը:

«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կազմակերպած հանրահավաքից հետո դրա մի խումբ մասնակիցներ Յասամալի շրջանի Շարիֆզադեի փողոցում և մերձակա մետրոյի կայարանի հարևանությամբ փորձել են անօրինական երթ անցկացնել, ինչը հակասում է «Հավաքների ազատության մասին օրենքի դրույթներին», - նշում են ադրբեջանցի ոստիկանները:

Հայտարարության հեղինակները պնդում են, որ ընդդիմադիրների այդ գործողությունների հետևանքով «քաղաքացիների շրջանում խուճապային տրամադրություններ են առաջացել, խախտվել է մարդկանց հանգստի իրավունքը, բողոքի ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել քաղաքի այդ հատվածում հերթապահություն իրականացնող ոստիկանների պահանջներին»:

Ոստիկանության քաղաքային վարչության պետ Միրգաֆար Սեիդովն էլ Report.az կայքին տված հարցազրույցում նշել է, որ ընդդիմության հանրահավաքների արտոնումից զերծ մնալու խնդրանքով դիմելու է Բաքվի քաղաքապետարան:

«Վերջին հանրահավաքները ընթացքում ընդդիմադիրները ի ցույց դրեցին իրենց իրական մտադրությունները` փորձելով մայրաքաղաքում անկարգություններ հրահրել: Այդ իսկ պատճառով ես դիմելու եմ Բաքվի քաղաքային վարչակազմին` խնդրելով, որպեսզի իշխանությունները արգելեն հանրահավաքների անցկացումը: Քանի դեռ ընդդիմության առաջնորդները ի վիճակի չեն կառավարել զանգվածներին, այդ արգելքն ուժի մեջ կմնա», - պնդում էր Բաքվի ոստիկանության ղեկավարը:

Ուշագրավ է, ի դեպ, որ ոստիկանությունն իր այս մտադրության մասին հայտնեց ադրբեջանական ընդդիմության կողմից 2015 թվականից ի վեր կազմակերպված ամենամարդաշատ հանրահավաքից ընդամենը երեք օր անց:

Ադրբեջանցի ընդդիմադիրները համոզված են` հունվարի 19-ի հանրահավաքը, որին ըստ ոստիկանության 2 հազար, իսկ ըստ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի»՝ 10 հազար մարդ էր մասնակցել, լրջորեն մտահոգել է իշխանություններին:

«Չնայած կառավարության ակնկալիքներին՝ հունվարի 19-ի հանրահավաքը մարդաշատ էր: Դա է պատճառը, որ այդ հանրահավաքից անմիջապես հետո ոստիկանությունը դեռ պնդում էր, որ ակցիայի ընթացքում որևէ իրավախախտում չի արձանագրվել, իսկ այսօր արդեն այլ հայտարարություններով է հանդես գալիս», - նշում է նախագահի նախկին թեկնածու, «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» ղեկավար Ջամիլ Հասանլին` հավելելով. - «Բաքվի ոստիկանության ղեկավարը գերազանցում է իր լիազորությունները: Եթե «Ազգային խորհրդի» հաջորդ հանրահավաքը չարտոնվի, մենք դա կընկալենք որպես իշխանությունների կողմից հավաքների ազատության կոպիտ ոտնահարում»:

Նշենք, որ հաջորդ անգամ Յասամալի շրջանի «Մեհսուլ» մարզադաշտում ադրբեջանական ընդդիմությունը նախատեսում է հավաքվել երեք օրից` հունվարի 26-ին:

«Եթե հանրահավաքը չարտոնվի, միևնույն է, մենք փողոց ենք դուրս գալու», - Ֆեյսբուքի իր էջում գրել է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:

Վերջում հիշեցնենք, որ ադրբեջանական ընդդիմությանը Բաքվի կենտրոնում արտոնված հանրահավաքներ անցկացնելու իրավունքից զրկել են գրեթե 20 տարի առաջ` Հեյդար Ալիևի իշխանության տարիներին: Իլհամ Ալիևի նախագահության շրջանում ադրբեջանցի ընդդիմադիրներին արտոնված հանրահավաքների անցկացման համար, որպես կանոն, տրամադրվում են կենտրոնից հեռու գտնվող հրապարակները կամ մարզադաշտերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG