Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այս մասին «Ազատությունը» տեղեկացրեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանը նշեց, որ երկրորդ նախագահի վիճակը նորմալ է, հետազոտություն է անցնում, որպեսզի հասկանան վիրահատվելու է, թե ոչ։

Ռոբերտ Քոչարյանը հետազոտության համար «Իզմիրլյան» ԲԿ էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 4-ին։ Ավելի վաղ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ Քոչարյանը առողջական լուրջ խնդիրներ չունի և հաշված օրեր անց նրա առողջական վիճակն ամբողջությամբ կկարգավորվի։

«Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանն «Ազատությանը» փոխանցեց՝ երկրորդ նախագահին դեռ չեն վիրահատել. «Չեն վիրահատել, հետազոտությունները դեռ ավարտված չեն»։

«Ազատության» հարցին, թե Քոչարյանը դեռ բժշկական կենտրոնո՞ւմ է, Չարչյանը պատասխանեց. «Այո։ Մինչև հետազոտությունների ավարտը արդեն մնալու է»։

Սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին նախագահը հունիսի 25-ից կալանքի տակ է:

XS
SM
MD
LG