Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը կրկին հետազոտվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում


Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հետազոտվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Ազատությանը» հայտնեցին, որ նախկին նախագահը երեկ է հետազոտվել ու դրանից հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Քոչարյանը նույն բժշկական կենտրոնում​ բուժզննում էր անցել այս շաբաթասկզբին:

Արդյո՞ք երկրորդ նախագահն առողջական խնդիրներ ունի: Քրեակատարողական ծառայությունից չեն մեկնաբանում։

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե նախկին նախագահը երկրորդ անգամ է տեղափոխվել բժշկական կենտրոն, քանի որ երկուշաբթի օրն ամբողջությամբ չէր հետազոտվել։

Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի, պաշտպանն արձագանքեց, թե չի կարող որևէ բան ասել, քանի որ դեռ հայտնի չեն ամբողջական բուժննման պատասխանները։

Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն սեպտեմբերի 20-ին մերժել էր Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալին ազատ արձակել կալանքից կամ գրավի, կամ էլ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցի դիմաց։

Քոչարյանն իրեն վերագրվող մեղադրանքները չի ընդունում. նա բազմիցս հայտարարել է, թե ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG