Մատչելիության հղումներ

Մակունց․ «Ձեռնարկել ենք բացառապես իրավական գործընթաց և պետք է սպասենք ՍԴ որոշմանը»


Ազգային ժողովը անցած շաբաթ 98 կողմ ձայներով հաստատեց՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները պետք է դադարեցվեն: Թովմասյանն այս ամենը համարում է քաղաքական գործընթաց իր դեմ:

Տվյալ թեմային է անդրադարձել «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրը՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Լիլիթ Մակունց․ - Ես ինքս՝ որպես խմբակցության ղեկավար, չեմ սպասում որևէ ազդակների, և ինձ բացարձակ այդ առումով հետաքրքիր չէ այս փուլում, թե կգան ազդակներ, չեն գա ազդակներ: «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնարկել է մի գործընթաց, մի նախագիծ, որը մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է անել: Ունենալով այն իրավական հիմքերը, որը մենք ունենք, մենք պարզապես պարտավոր էինք անել այն, ինչ արել ենք: Մնացյալը արդեն Սահմանադրական դատարանի տիրույթում է, և նրանք պետք է կայացնեն իրենց որոշումը, և որևէ ազդակի չեմ սպասում:

«Ազատություն»․ - Դե նրանք էլ իր դաշնակիցներն են արդեն, հետը աշխատում են քանի տարի, ջանասիրաբար պաշտպանում են բոլոր հարցազրույցներում: Այսինքն, սա չի՞ նշանակում արդյոք, որ դուք ի սկզբանե անպտուղ մի գործընթացի մեջ եք մտել:

Մակունց․ - Տեսեք, տարիներ շարունակ՝ երևի գրեթե երկու տասնամյակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փորձ են կատարել փոխել իշխանությունը ընտրությունների միջոցով, կամ ոչ թե փոխել, այլ ուղղակի իրենց կամքը արտահայտել ընտրությունների միջոցով: Իրական արդյունքները և, իհարկե, փաստացի ամրագրված արդյունքները եղել են տարբեր, բայց, միևնույն է, մենք բոլորս գնացել ենք այդ ճանապարհով, և հետագայում էլ, անկախ ամեն ինչից, մենք իրականացրել ենք մեր սահմանադրական իրավունքները <…>: Հիմա, նորից եմ ասում, մենք արել ենք մեր քայլը, մենք ձեռնարկել ենք բացառապես իրավական գործընթաց և պետք է սպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը՝ հույս հայտնելով, որ դատարանը, դատարանի անդամները, դատավորները առաջնորդվելու են բացառապես իրավական դաշտում հարցը քննարկելով:

«Ազատություն»․ - Ձեր օրինակը շատ լավն էր, որովհետև մարդիկ գնում էին ընտրությունների, բայց արդյունք եղավ միայն այն ժամանակ, երբ վիրահատական միջամտություն տեղի ունեցավ, և հարյուր հազարավորներով լցվեցին փողոցներ: Հիմա, այս դեպքում, վիրահատական միջամտությունը կարող էր լինել համակարգային փոփոխությունը, օրինակ՝ կառավարությունը առաջադրեր դատավորների թեկնածուներ, ի վերջո, Դուք ասում եք՝ նրանք անդամ են, դատավոր չեն, կամ Սահմանադրությունը փոխվեր, և այլն, այսինքն՝ ի սկզբանե չաներ մի բան, որի արդյունքը պարզ է կարծես թե:

Մակունց․ - Եկեք պատկերացնենք էսպիսի, վերացարկվենք Սահմանադրական դատարանի դատավորի դեպքից: Երբ Դուք ականատես եք լինում, կամ Ձեր ձեռքին հայտնվում են փաստեր, որոնք պահանջում են մի ինչ-որ իրավական գործընթաց սկսել, Դուք, միևնույն ժամանակ, հնարավոր է, որ ձեռնարկել եք համակարգային փոփոխություններ հենց այլ ոլորտում: Արդյո՞ք դա նշանակում է, որ համակարգայինը պետք է թողնել մի կողմ, զբաղվել բացառապես դրանով, կամ՝ հակառակը: Որևէ մեկը մեկը մյուսին չի բացառում: Այո, ի հայտ են եկել հանգամանքներ, և դա պետք է արվեր: Նորից եմ ասում՝ սա չի բացառում ընդհանրապես համակարգային դաշտում խնդիրը, հարցերը լուծելու, դատաիրավական համակարգի բարեփոխումներ իրականացնելու:

Հոկտեմբերի 6-ի «Կիրակնօրյա վերլուծականն» ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG