Մատչելիության հղումներ

Թովմասյանը նպատակահարմար չի համարում մասնակցել ԱԺ-ում իր լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկմանը


Հրայր Թովմասյանը խորհրդարանում, արխիվ

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում պնդում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ իր լիազորությունները դադարեցնելու գործընթացը, «ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն»:

ՍԴ նախագահին նման հետևության են հանգեցրել այդ գործընթացին նախորդած և հաջորդած իրադարձությունները, մասնավորապես․

« - վարչապետ Ն. Փաշինյանի 2019 թ․ մայիսի 19-ի կոչը դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի մուտքերը և ելքերն արգելափակելու մասին, որը մայիսի 20-ին իրականացվեց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությամբ,

- Սահմանադրական դատարանի գործող նախագահի պաշտոնավարման պարագայում, Ազգային ժողովի 2019 թ․ հունիսի 20-ի նիստում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վ. Գրիգորյանի «ինքնահռչակումը»՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ և Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից այդ քայլի անթաքույց սատարումը,

- Սահմանադրական դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի դատավորների հետագա պաշտոնավարման վերաբերյալ իշխող քաղաքական ուժի պարբերաբար հնչեցրած սուբյեկտիվ մեկնաբանությունները, անձնավորված մոտեցումները, նախաձեռնությունները,

- վարչապետ Ն. Փաշինյանի կողմից ս․թ․ հուլիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում Սահմանադրական դատարանի և անձամբ իմ հասցեին արված անպարկեշտ արտահայտությունները և դատական իշխանության հեղինակությունը վիրավորող հայտարարությունները,

- Ազգային ժողովի նախագահ Ա. Միրզոյանի և վարչապետ Ն. Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների վերաբերյալ 2019 թ․ սեպտեմբերի 16-ի հայտարարությունները և տրված գնահատականները,

- իմ անվան անհիմն վկայակոչումները՝ տարբեր անձանց նկատմամբ հարուցվող քրեական գործերով,

- Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանի կողմից ինձ 2019 թ․ սեպտեմբերի 23-ին ուղղված պաշտոնական հրավերը՝ մասնակցելու հանձնաժողովի ս.թ․ հոկտեմբերի 24-ի նիստին, այն դեպքում, երբ այդ նիստն անցկացվել է ս.թ. սեպտեմբերի 24-ին, ինչը վկայում է խնդրի առարկա հարցի վերաբերյալ անկողմնակալ քննարկում անցկացնելու մտադրության բացակայության մասին»։

«Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները նպատակահարմար չեմ համարում իմ մասնակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը», - հայտարարում է ՍԴ նախագահը՝ հայցելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ իրեն հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ:

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախաձեռնության պատճառն, ըստ նախագծի, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ժամանակ Թովմասյանի թույլ տված էական խախտումներն են:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության հեղինակած շուրջ 100-էջանոց փաստաթղթում ներկայացված է չորս հիմք: Այդ հիմքերից մեկը, որ խախտվել է բարձր դատարանի անաչառության սկզբունքը, ՍԴ նախագահի և Հանրապետական կուսակցության փոխկապակցվածությունն է, Թովմասյանի անդամակցությունը ՀՀԿ-ին, իսկ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը համընկնում են Մարտի 1-ի գործով: Հատկանշական է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դեռևս ՀՀԿ-ի օրոք դեմ է քվեարկել ՍԴ նախագահի պաշտոնում Թովմասյանի թեկնածությանը՝ հենց այդ հիմքով, որ նա Հանրապետականի անդամ է եղել:

Նախագիծը խորհրդարանի այս նստաշրջանի օրակարգում է, ընդունվելու դեպքում կուղարկվի Սահմանադրական դատարան, որն էլ որոշելու է՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք կա՞, թե՞ ոչ: Որոշման ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի ձայն:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG